Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, չնայած բարդ ժամանակաշրջանին, Հայաստանի արձանագրված մակրոտնտեսական բարձր ցուցանիշները և այդ ուղղությամբ Կառավարության կողմից իրականացված բարեփոխումների կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ընթացքին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:
Այսօր Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:
Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականությունը:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ընթացիկ պահուստային ծրագրի նշանակութունը մակրոտնտեսկան և հարկաբյուջետային կայունության ապահովմանը զուգահեռ գիտելիքահենք, ներդրումների խթանմանն ու արտահանմանն ուղղված տնտեսական աճ ապահովելու տեսանկյունից: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի ներքո ստանձնած թիրախների կատարման ուղղությամբ գրանցած առաջընթացի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների մշակման գործընթացում ներգրավված պետական մարմինների հետ համագործակցության հեռանկարներին:
Նշենք, որ ընթացիկ տարվա հունիսի 12-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է գործող պահուստային ծրագրի առաջին ամփոփումը, որի համաձայն, Հայաստանին հասանելի են դարձել 18,4 մլն հատուկ փոխառության իրավունքներ՝ շուրջ 24,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: ԱՄՀ ներկայացուցիչների խոսքով, ծրագիրն, ընդհանուր առմամբ, գտնվում է կայուն իրականացման փուլում, վերանայման պահին ֆիսկալ և դրամային քանակական ցուցանիշների նպատակային ցուցանիշները պահպանվել են, և լավ առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում: Պահուստային ծրագիրը կրում է կանխարգելիչ բնույթ և ուղղված է մակրոտնտեսական, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանման նպատակով կառուցվածքային բարեփոխումների իրականացման շարունակականության ապահովմանը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի սկզբին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը որոշում էր կայացրել Stand-By (SBA) համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրել 25.716 մլն SDR (մոտ 35 մլն դոլար), որի արդյունքում ծրագրով վճարումների ընդհանուր ծավալը կկազմի
308.8 մլն SDR (մոտ $415 մլն):