15:38
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023 15:38
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է "Ռուսալ Արմենալ" գործարան, ծանոթացել ձեռնարկության ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է "Ռուսալ Արմենալ" գործարան, ծանոթացել ձեռնարկության ծրագրերին

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը սեպտեմբերի 1-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

 

Խոշորագույն այս գործարանում աշխատում են մոտ 600 բարձրակարգ մասնագետներ: Գործարանի արտադրանքն արտահանվում է ԵՄ և այլ երկրներ, ամենախոշոր գնորդը Գերմանիայի Դաշնությունն է։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, գործարանի գլխավոր տնօրեն Արթուր Զաքարյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքով, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին, արտադրության պայմաններին և զարգացման ծրագրերին։

 

Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման հնարավորությունները, նոր նախաձեռնություններն ու առկա խնդիրները։

 

Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է պետական աջակցության այն գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է ավելացնել ընկերության արտադրողականությունն ու արդյունավետությունը։