Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023 17:32
Ալինա Հովհաննիսյան

Սևանում բացվել է Tesvan  ծրագրային ապահովման և որակի ապահովման այլ ծառայությունների փորձարկման կենտրոն

Սևանում բացվել է Tesvan  ծրագրային ապահովման և որակի ապահովման այլ ծառայությունների փորձարկման կենտրոն

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 3-ին Սևան քաղաքում մասնակցել է Tesvan QA Outsource Service Provider ընկերության որակի ապահովման ծառայությամբ զբաղվող նոր կենտրոնի բացմանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, 2019 թվականից սկսած ընկերությունը որակի ապահովման ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրների իր հաճախորդներին։ Ներկայումս այն համագործակցում է 9 երկրների հետ։

 

Ընկերության նպատակն է նպաստել Սևանում ՏՏ ոլորտի զարգացմանը, աջակցել ոլորտով հետաքրքրված անձանց և օգնել սկսել սեփական կարիերան։ Կենտրոնն իր գոյության 4 տարիների ընթացքում ունեցել է 70 շրջանավարտ, ովքեր դարձել են թիմի մի մասնիկը։

 

Կենտրոնը կազմակերպում է նաև ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ մինչև 17 տարեկան պատանիների և մեծահասակների համար։

 

Վահան Քերոբյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման նպատակն է զարգացնել Սևան քաղաքը և վերածել այն տեխնոքաղաքի։

Նման նախաձեռնությունները հանրապետությունում կրելու են շարունակական և համապետական բնույթ։

 

Նշենք, որ Tesvan QA Outsource Service Provider -ը աութսորսինգային ընկերություն է, որը մասնագիտացած է ծրագրային ապահովման փորձարկման և որակի ապահովման այլ ծառայությունների ոլորտում: Հանդիսանալով որակի ապահովման խոշորագույն աութսորսինգային ընկերություններից մեկը Հայաստանում ՝ Tesvan-ը ծրագրային ապահովման փորձարկման ծառայություններ է մատուցում միջազգային և տեղական ընկերություններին: Ընկերության պորտֆելում կան ավելի քան 40 նախագծեր բժշկության, գեմբլինգի, ֆինանսների, մարքեթինգի, կառավարման, վաճառքի, հեռահաղորդակցության, բլոկչեյնի, AR/VR և այլ ոլորտներում: