Արմինֆո.Երեւան քաղաքի Սարյան փողոցում գտնվող <Հայփոստի> շենքը կօտարվի < Ռենշին > ընկերությանը' դրա զարգացման եւ "Համաշխարհային առեւտրի կենտրոն" (World Trade Center (WTC)) ներդրումային ծրագրի իրականացման նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 7-ին՝ կառավարության նիստում։
Ինչպես ասվում է որոշման նախագծում, Էկոնոմիկայի նախարարությունը լիազորվում է ներդրողի հետ կնքել համապատասխան պայմանագիր: «Լիազորել Էկոնոմիկայի նախարարությանը՝ մասնակցել «Ռենշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ համատեղ «Համաշխարհային Առեվտրի Կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հիմնադրմանը՝ հետևյալ հիմնական պայմաններով.
- Ընկերության կանոնադրական կապիտալը կկազմի 21 898 520 000 (քսանմեկ միլիարդ ութ հարյուր իննսունութ միլիոն հինգ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, որից 10 949 260 000 (տասը միլիարդ ինը հարյուր քառասունինը միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ ներդրումը կկատարի Ներդրողը՝ դրամական միջոցների տեսքով, իսկ Հայաստանի Հանրապետությունը և «Հայփոստ» ՓԲԸ-ն իրենց ներդրումը կկատարեն Սարյան 22 հասցեում գտնվող շենքում իրենց պատկանող անշարժ գույքերի տեսքով, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության ներդրման չափը կկազմի 4 161 260 000 (Չորս միլիարդ մեկ հարյուր վաթսունմեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ (ներդրվող անշարժ գույքի (վկայական՝ N 03032022-01-0029) գնահատված շուկայական արժեք), իսկ «Հայփոստ» ՓԲԸ-ի ներդրման չափը կկազմի 6 788 000 000 (վեց միլիարդ յոթ հարյուր ութսունութ միլիոն, առանց ավելացված արժեքի հարկի) ՀՀ դրամ (ներդրվող անշարժ գույքի (վկայական՝ N15122021-01-0282) գնահատված շուկայական արժեք):
- Ընկերության կանոնադրական կապիտալում հասարակ (սովորական) բաժնետոմսերը կբաշխվեն բաժնետերերի միջև հետևյալ համամասնությամբ՝ ա. Հայաստանի Հանրապետություն՝ 19.82 %; բ. «Հայփոստ» ՓԲԸ՝ 30.18 %; գ. Ներդրող՝ 50 %», - ասվում է որոշման նախագծում:
Ինչպես ասվում է փաստաթղթին կից տեղեկանք-հիմնավորման մեջ, նախագծի իրականացման սկզբնական փուլում ընկերությունը նախատեսում է ներդնել շուրջ 211 մլն 554 հազար դոլար: Անմիջապես կստեղծվի առնվազն 10 հազար աշխատատեղ: Զգալիորեն կբարձրանան համայնքային բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկերը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել միջազգային համաժողովների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների անցկացման կոնֆերանս դահլիճներ; մշակութային հարթակ ՝ համերգասրահ, ժամանակակից նկարիչների ցուցասրահներ, < Էքսպո > սրահ; բիզնես կենտրոն նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության համար; նոր տուրիստական վայր:
Նշվում է, որ նախագծի և շուկայի հետ կապված ցուցանիշների, վարկածների ստուգման, ինչպես նաև նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացման համար ներգրավվել է անշարժ գույքի շուկայում աշխարհի երեք խոշորագույն ընկերություններից մեկը ՝ JLL-ը:
Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ՝ երկամսյա ժամկետում, ներդրող ընկերության հետ համատեղ կմշակվի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնախաձեռնվի մինչև 12 000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ (Սարյան և Պարոնյան փողոցների միջև) գերակա հանրային շահի ճանաչման գործընթաց: