
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող և «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, քաղաք Երևան, Արաբկիր, Մամիկոնյանց փողոցում գտնվող գույքերը օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ գույքային միավոր:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, գույքը տարիներ ի վեր փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։ Ըստ այդմ՝ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետական բյուջե։