Ուրբաթ, 15 Սեպտեմբերի 2023 18:16
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետ

Էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքային կապեր է հաստատում Գերմանիայի ՓՄՁ ասոցիացիայի հետ

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Ներդրումների կառավարման ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարում հանդիպել է Փոքր ու միջին բիզնեսի գերմանական ասոցիացիայի գործարար ոլորտի մենեջեր Ռեյնոլդ Ունգերն-Շտերնբերգի հետ։ Այն գերմանական խոշորագույն ասոցիացիա է, որի կազմում ընդգրկված է երկրի աշխատակիցների 60%-ը։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ տնտեսական աճի բարձր ցուցանիշները և նշել, որ աճը հիմնականում պայմանավորված է ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Նախարարն անդրադարձել է նաև առևտրի ոլորտում գրանցվող հաջողություններին։

 

Տեղեկացնելով, որ վերջին տարվա ընթացքում բազմաթիվ ընկերություններ են տեղափոխվել ու հիմնադրվել ՀՀ-ում՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ասոցիացիայի կազմում ընդգրկված ընկերություններին ևս դիտարկել Հայաստանում գործունեություն իրականացնելու և ներկայացուցչություններ բացելու հնարավորությունը։

 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն տնտեսության ոլորտում առկա ներուժի, պետական օժանդակության գործիքների մասին տեղակատվությունը փոխանցել գերմանական ընկերություններին՝ հնարավոր համագործակցության հեռանկարով։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական տվյալների ՝ Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին աճել է 67,9% - ով՝ ապահովելով 393.9 մլն դոլար ծավալ: Ընդ որում, արտահանումը կրճատվել է 20,1% - ով՝ մինչև 51.6 մլն դոլար, ներմուծման կրկնակի՝ մինչև 342.3 մլն դոլար աճի դեպքում: