Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերն այս պահին իրականացնում են նյութական և ոչ նյութական արժեքների գույքագրում ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների ամբողջական պատկերը կազմելու նպատակով: Գույքագրման արդյունքում կառավարության և Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված բնակիչներին կառաջարկվեն անհատական կամ ընդհանուր լուծումներ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ կենտրոնական բանկից, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կենտրոնական բանկը մտադիր է փախստականների համար վարկային համաներում հայտարարել և նրանց արտոնյալ վարկավորման (այդ թվում' հիփոթեքային) ծրագիր ներդնել:
ԱրմԻնֆո-ի մեկ այլ հարցին, թե՝ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված քաղաքացիները կարող են անարգել օգտվել իրենց ավանդներից այստեղ ' Հայաստանում, ԿԲ-ն պատասխանել է, որ Արցախում աշխատած բանկերի բոլոր ստորաբաժանումները հանդիսանում են ՀՀ ԿԲ-ի կողմից լիցենզավորված և գրանցված առևտրային բանկերի մասնաճյուղեր Հայաստանի տարածքում: Ըստ այդմ, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից:
Հարկ է նշել, որ 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործում էին 7 հայկական բանկեր, որոնք ունեին, ընդհանուր առմամբ, 20 մասնաճյուղ և բազմաթիվ բանկոմատներ։ Ամենամեծ թվով մասնաճյուղեր ուներ Արցախբանկը, մնացած 11 մասնաճյուղերը պատկանում էին Հայբիզնեսբանկին, Արդշինբանկին, Յունիբանկին, Հայէկոնոմբանկին, Կոնվերս Բանկին և Արարատբանկին:
Հիշեցնենք, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված ագրեսիայի ֆոնին Հայաստան է փախել Արցախի Հանրապետության 100.520 քաղաքացի: