Արմինֆո.Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում կոչ է հնչել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Հայաստանի Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է թուրքական "Անադոլու" գործակալությունը։
Թուրքիայի խորհրդարանն ընդգծում է, որ այդ ատոմակայանը, շահագործման ժամկետի սպառման առնչությամբ, վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովը, որը զբաղվում է քաղաքացիների կողմից խորհրդարան եկող խնդրագրերի և բողոքների վերլուծությամբ, դիմում է ստացել՝ ատոմակայանների առաջացրած ռիսկերի դեմ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: Պատասխանում նշված է, որ Իգդիր քաղաքում մշակվել է ճառագայթային վթարային իրավիճակում գործողությունների ծրագիր, սահմանվել են ճառագայթային վթարային իրավիճակի դեպքում պլանավորման և գործողությունների սկզբունքները, որոնք կարող են հետևանքներ առաջացնել միջուկային կայանի տարածքից դուրս կամ Իգդիրում գտնվող մարդկանց առողջության համար:
Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատասխանում հիշեցվում է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է ԱԷՄԳ վերահսկողության ներքո: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ԱԷՄԳ-ը և Եվրամիությունը որոշել են, որ կայանի անվտանգության վիճակը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական ստանդարտներին: Գործակալությունը շարունակում է աշխատանքները կայանի կառուցվածքային թերությունների հետ կապված անվտանգության թերությունների վերացման ուղղությամբ: ԱԷՄԳ-ի աշխատակիցները պարբերաբար այցելություններ և ստուգումներ են կատարում Հայաստանում, և անվտանգության յուրաքանչյուր առաքելությունից հետո կազմվում է մանրամասն հաշվետվություն: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծում է, որ ատոմակայանի փակումը Հայաստանի բացառիկ տնօրինության տակ է։ Սակայն Միջուկային անվտանգության մասին կոնվենցիայի ամփոփիչ խորհրդակցություններում, որի մասնակիցն է Հայաստանը, միջուկային անվտանգության վերաբերյալ համաժողովի և այլ համապատասխան հարթակներում խորհրդակցությունների ժամանակ ընդգծվում է, որ ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հաճախ են տեղի ունենում բնական աղետներ: <Ատոմակայանը կառուցված է մեր սահմանին շատ մոտ, հին տեխնոլոգիայով շահագործվող օբյեկտ է։ Կայանը ներկայացնում է ռիսկի գործոն ողջ տարածաշրջանի համար։ Այդ ռիսկերի մասին մեր երկիրը հայտարարում է և ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովներում, և անհրաժեշտ կոչով դիմելով միջազգային հանրությանը ։ Մեր տարածաշրջանն ու աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ երկրորդ Չեռնոբիլը։ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի ։ Այդ կապակցությամբ տվյալ խնդիրը կշարունակի գտնվել մեր երկրի ուշադրության ներքո", - ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտաարարությունում։
Մեկնաբանելով այս պահանջը՝ քաղաքագիտության դոկտոր, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը նշել է, որ ԱԷՄԳ-ը ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: «Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացիորոն լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:
Հայկական ԱԷԿ-ը Բաքվի ու Անկարայի կողմից թիրախավորվում է 1995 թ.-ից սկսած, երբ վերագործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը: Այս տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական պրոպագանդան ջանք ու եռանդ չէր խնայում հակամիջուկային լոբբինգ իրականացնելու համար: Բազմիցս հայտարարվում էր կայանի շահագործման էկոլոգիական ռիսկերի, սահմանամերձ գոտում գտնվող թուրքական բնակավայրերում ուռուցքաբանական հիվանդությունների տարածման, անգամ անոմալիաներով ծնվող երեխաների մասին: Երևանը մշտապես գիտական, քաղաքական, հրապարակախոսական մակարդակներում հեշտությամբ հերքում էր այդ զառանցանքը:
Այսօր Անկարայի ռազմավարության իրականացման համար ստեղծվել է առավել քան բարենպաստ պայմաններ:
Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը՝ ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է դարձնել Հայաստանը էլեկտրաէներգիա ներկրող երկիր: Միաժամանակ, մենք կարող ենք կորցնել տարածաշարջանում ՛՛խաղաղ ատոմ՛՛ զարգացնող միակ երկրի ռազմավարական կարգավիճակը:
Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներկայումս կառուցում է հսկայական միջուկային համալիր, իսկ Բաքուն բանակցություններ է վարում ՛՛Ռոսատոմի՛՛ հետ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կարող է հասցնել թե մեր էներգետիկ, թե առհասարակ՝ ազգային անվտանգությանը», - ընդգծել է Դավթյանը։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկին երկարաձգելու մասին: Կայանի գլխավոր տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանի խոսքով ՝ նախագծի իրականացման համար կպահանջվի շուրջ 150 մլն դոլար:
Նախատեսվում է, որ այդ գումարից մոտ 45-50 մլն դոլարը կկազմեն ռուսական վարկի միջոցները, իսկ մնացածը կներգրավվեն պետական բյուջեի միջոցների հաշվին։ Կայանում առայժմ պլանային - նախազգուշական վերանորոգման շրջանակներում սեփական ուժերով իրականացվում է հիմնական սարքավորումների և հանգույցների համալիր հետազոտություն, սակայն սարքավորումների և ծառայությունների մատակարարների հետ պայմանագրերի կնքման մասին առայժմ խոսք չկա: