Արմինֆո.Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում սեփական շահերին համապատասխան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին դիմել էր Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ)՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել Հայաստանում գործող ատոմակայանը փակելու համար։ Երկրի օրենսդիր մարմնում նշել են, որ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա: Թուրքիայի ԱԳՆ-ն, իր հերթին, նշում է, որ ՀԱԷԿ-ը "ռիսկի գործոն է ողջ տարածաշրջանի համար": Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա մարտի 2-ին Բաքվում ընդունելով ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանում գործող ԱԷԿ-ը "մեծ միջուկային սպառնալիք" է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար:
"Եթե չեմ սխալվում, նման դիմումներ եղել են նաեւ նախկինում", - ընդգծել է Խանդանյանը։ Նա հիշեցրել է, որ ողջ աշխարհն այժմ անցնում է ատոմային էներգիայի՝ հաշվի առնելով ածխաջրածնային ռեսուրսներին առնչվող խնդիրը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 14-ին հաստատել է "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը և ծրագրով նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման պլանը: "Հաշվի առնելով արդիականացման ուղղությամբ արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները և համանման էներգաբլոկների շահագործման ժամկետի երկարաձգման միջազգային փորձը, նախատեսվում է, որ լրացուցիչ ներդրումների/աշխատանքների հաշվին կհաջողվի էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգել ևս 10 տարով՝ 2026 - ից մինչև 2036 թվականը", - ասվում է փաստաթղթում:
Տեղեկացվում է, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել "ԱԷԿ" ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցների հաշվին (գումարը չի հստակեցվում), ինչն, իր հերթին, կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման: