
Արմինֆո. Հայաստանը հերթական փոփոխությունն է կատարում 2013 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ ստորագրված "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք" ֆինանսական համաձայնագրում:
Ինչպես ասվում է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 5-ի որոշման պարզաբանման մեջ, սույն համաձայնագիրն ուղղված է "Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք" ներդրումային ծրագրի երրորդ տրանշի շրջանակներում Լանջիկ-Գյումրի 27,47 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցման ֆինանսավորմանը: Վարկը նախատեսվում է տրամադրել առավելագույնը 12 տրանշով, յուրաքանչյուրի նվազագույն արժեքը կկազմի 5 մլն եվրո:
Նախագծի շրջանակում կնքվել են շինարարական աշխատանքների կատարման և տեխնիկական հսկողության պայմանագրեր, և, ըստ ժամանակացույցի, աշխատանքները պետք է ավարտվեին 2022 թվականի դեկտեմբերին: Միևնույն ժամանակ, ծրագրի իրականացման ընթացքում առաջացած մի շարք խնդիրներ էապես ազդել են դրա ավարտի ժամկետների վրա:
Մասնավորապես, նախագծի շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում Բենիամին համայնքում ճանապարհի եզրագծում հայտնաբերվել է հնագիտական օբյեկտ, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախագիծը և շրջանցել նշված հատվածը, իրականացնել լրացուցիչ հատվածների օտարման գործընթաց, ինչն իր ազդեցությունն է ունեցել աշխատանքների իրականացման նախնական ժամանակացույցի վրա: Բացի այդ, պայմանագրի պայմանների համաձայն, կապալառուն 2022 թվականին աշխատանքները դադարեցրել է մոտ 8 ամսով՝ ԵՆԲ-ի ֆինանսավորման հետ կապված ուշացումների պատճառով։ Մինչ ԵՆԲ-ի ֆինանսավորման վերսկսումը ՀՀ կառավարությունը միջոցներ էր տրամադրել առկա պարտավորությունները մարելու և աշխատանքները վերսկսելու համար: Սակայն, արդյունքում՝ աշխատանքները հետ են մնացել սահմանված ժամկետից։ Աշխատանքների արդյունավետության վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև համավարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ներկայումս նախատեսվում է փոփոխություններ կատարել վերոնշյալ թիվ 4 ֆինանսական համաձայնագրում, ըստ որի , վարկային միջոցների հասանելիության ժամկետը կերկարաձգվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը: Նշվում է, որ այս փոփոխությունը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում։