Արմինֆո. Այս տարի ԴիջիԹեք 2023 տեխնոլոգիական ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-15 – ը Երևանի "Մերիդիան" ցուցահանդեսային կենտրոնում՝ "Տեխնոլոգիաներն ամենուր են" խորագրի ներքո: Այդ մասին հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը ։
Նա հաղորդել է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 120-ից ավելի ՏՏ ընկերություններ, որոնցից 30 - ից ավելին՝ սթարթափներ, որոնց մասնակցությունը սուբսիդավորվում է ԱՏՁՄ-ի կողմից, եւս 10 -ինը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից: Դրա հետ մեկտեղ, ցուցահանդեսի մասնակից կդառնան ավելի քան 10 միջազգային ընկերություններ, ավելի ճիշտ ՝ Ռուսաստանում նրանց ներկայացուցչությունները, որոնք հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել են Հայաստան: Այս տարի, ինչպես նշել է Կարապետյանը, առաջին անգամ է սպասվում միջազգային մեդիայի այց, այդ թվում՝ Forbs, Independent և այլն:
Միության ղեկավարը պատմել է, որ ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպիչները փորձել են ընդգրկել տեխնոլոգիական ոլորտի այն ընկերություններին, որոնք աշխատում են բոլոր ուղղություններով եւ ներկայացված են Հայաստանում ՝ սկսած դրոնների, էլեկտրական մեքենաների արտադրությունից մինչև ծրագրային ապահովման, աութսորսի մշակողներ, ինչպես նաև գիտահետազոտական ուղղվածության կազմակերպություններ:
Ուշագրավ է, որ այս տարի, ելնելով իրավիճակից, ԴիջիԹեք 2023-ը մտադիր է աջակցել Արցախի ՏՏ համայնքին։ Մասնավորապես, ցուցահանդեսի շրջանակներում գործելու է Artsakh Career Expo-ի առանձին տաղավար ՝ արցախցի մեր հայրենակիցների զբաղվածությանը նպաստելու համար։ Այդ կապակցությամբ Կարապետյանը նշել է, որ ԱՏՁՄ-ն, ինչպես նաև միության անդամները զբաղվածության տարբեր ծրագրեր ունեն և պատրաստ են ներկայացնել իրենց թափուր տեղերը: Խոսելով գործընկերներից մեկի՝ Armenian Code Academy - ի մասին՝ նա նշել է, որ վերջինս վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ծրագրեր ունի՝ հատուկ արցախցիների համար:
Դրա հետ մեկտեղ, նա պատմել է ՏՏ սկսնակ ընկերությունների համար հետաքրքիր նախաձեռնության մասին: Կազմակերպիչները որոշել են միջազգային ներդրողների հետ հանդիպումներ կազմակերպել սթարթափների համար, դրանով իսկ հնարավորություն ընձեռել վերջիններիս հետաքրքրել, ներկայացնել իրենց ներուժը: Այս հանդիպումները, որոնք կարող են տևել առավելագույնը 1 րոպե, կկազմակերպվեն ամեն օր ՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն:
Մասնակցության համար բոլոր ցանկացողները պետք է գրանցվեն հետևյալ հղումով ՝ https://mootq.com/project/login/?fbclid=IwAR0cZMBd7WTx6Eh5vc4imqLNDe_9RFWtoyrRax kXm5zoL4ZsI8gDHm1aN9A: