
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2024 թվականից ձեռնամուխ կլինի խեցգետինների արդյունաբերական բուծման խթանման ծրագրի իրականացմանը։ Այդ մասին ասվում է գերատեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Աղբյուրի համաձայն, ծրագիրն իրականացվելու է 2024-2026թթ.: Ներդրումային ծախսերի 50% - ի չափով մասնակի փոխհատուցման միջոցով ծրագիրը կնպաստի Հայաստանում խեցգետինների արդյունաբերական բուծման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը:
Ծրագրով առաջարկվում է ստեղծել երեք տեսակի խեցգետինների բուծման համալիրներ։ Մասնավորապես, փոքր՝ 460 քմ մակերեսով, 6 տոննա նախագծային հզորությամբ, համալիրի ներդրումային եւ արտադրական ծախսերի մոտավոր (առավելագույն) ցուցանիշը կկազմի 72000 հազար դրամ; միջին՝ 800 քմ, 12 տոննա, 129 900 հազար դրամ; խոշոր՝ 1000 քմ, 18 տոննա, 183 790 հազար դրամ:
Ծրագրի շրջանակներում տարեկան կստեղծվի խեցգետինների բուծման 4 փոքր և 1-ական միջին և խոշոր տնտեսություններ: Այսպիսով, Հայաստանում 3 տարվա ընթացքում կստեղծվեն խեցգետինների բուծման 12 փոքր, 3 միջին և 3 խոշոր ժամանակակից համալիրներ։ Ծրագիրը հաստատվել է կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի նիստում։