
Արմինֆո. Բելգիացի գործարարների պատվիրակությունը մեծ չէ, բայց ներկայացված է ամենատարբեր ոլորտներով՝ սկսած դեղագործությունից, վերջացրած էլեկտրոնիկայի արտադրությամբ, շինարարությամբ, թափոնների վերամշակմամբ։
Այդ մասին, այսօր ՝ հոկտեմբերի 19-ին հայտարարել է Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի Արտահանման եւ ներդրումների գործակալության նախագահ Էրիկ Բլետարը՝ Բելգիայի առաջին տնտեսական առաքելության Հայաստան կատարած այցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ "Այն գործարարները, որոնք եկել են Հայաստան, արդեն կոնկրետ նպատակներ ունեն եւ այստեղ նրանք կհանդիպեն այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց հետ բանակցել են", - ընդգծել է նա:
Բլետարի խոսքով ՝ պատվիրակությունը ներկայացված է նաև այնպիսի ընկերությունների կողմից, որոնք դիտարկում են Հայաստանից այլ երկրներ արտահանման կազմակերպման հնարավորությունը։
Խոսելով երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին՝ նա նշել է, որ առևտրաշրջանառության ծավալները 2021-2022թթ. ընթացքում աճել են շուրջ 2 անգամ։ Վկայակոչելով առաջին կիսամյակի արդյունքները՝ գործակալության ղեկավարն ընդգծել է, որ ապրանքաշրջանառության մակարդակը խոստումնալից է ։ "Դրական սպասումների համար կան բոլոր նախադրյալները",- ասել է նա, կանխատեսելով, որ 2023 թվականի արդյունքներով կհաջողվի Հայաստանի և Բելգիայի միջև փոխադարձ առևտրի 50% աճ ապահովել։
"Կարծում եմ, որ այս առաքելությունը համագործակցության նոր հնարավորություններ կբացի, նոր գաղափարներ կներդնի։ Ամենակարևորը ճիշտ գործընկերներ գտնելն ու համապատասխան ներդրումներ իրականացնելն է", - ասել է նա։
Իր հերթին՝ Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ դե Մույնքը նշել է, որ առաքելության այցը կամրապնդի երկրների միջև տնտեսական կապերը: Նկատելով, որ Հայաստանում է գտնվում Վալոնիայի գործարարների պատվիրակությունը, դիվանագետը հայտնել է, որ հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաեւ Ֆլանդրիայի, Բրյուսելի գործարարները: "Բելգիայի դեսպանատունը պետք է կապող օղակ դառնա մեր գործարարների միջեւ", - ասել է նա:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 96 մլն դոլար, ինչը 5,6% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Մասնավորապես, դեպի Բելգիա հայկական ապրանքների արտահանման ծավալը կազմել է 57 մլն դոլար՝ տարեկան 7,3% աճով, ընդ որում, ներմուծման ծավալն աճել է 3,1%-ով՝ մինչև 39 մլն դոլար: