Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով հոկտեմբերի 23-ին Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազարփաշը:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, այդ մեկօրյա ուղեւորության շրջանակում իրանցի նախարարը կմասնակցի "Հյուսիս-Հարավ" միջանցքի եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի շրջանակներում Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը, ինչպես նաեւ տրանսպորտային համագործակցության ընդլայնման շուրջ բանակցություններին:
Մեհրդադ Բազարփաշը ԻԻՀ ԱԳՆ տնտեսական դիվանագիտության փոխնախարար Մեհդի Սաֆարիի հետ մի շարք հանդիպումներ կունենա հայ պաշտոնյաների հետ՝ երկկողմ տնտեսական և տրանսպորտային կապերը զարգացնելու նպատակով:
"Այդ ուղեւորության ընթացքում կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են. երկու երկրների համագործակցությունը իրանական ավիաընկերություններին լիցենզիաների տրամադրման, ճանապարհային վճարների չեղարկման, Հյուսիս-Հարավ միջանցքի եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի շրջանակներում համագործակցության առաջմղման, երկաթուղային փոխադրումների ընդլայնման եւ Իրանի լոգիստիկ ու նավահանգստային հզորությունների օգտագործման վերաբերյալ", - հաղորդել են իրանական գերատեսչությունում:
Հաղորդագրության համաձայն, ճանապարհների և քաղաքաշինության նախարարը կհանդիպի և կշփվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գնել Սանուսյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի ներկայությամբ կստորագրվի "Հյուսիս-Հարավ" միջանցքի շինարարության 4-րդ տրանշի ներդրման շրջանակներում Վարդանիձոր ճանապարհի (մոտ 11 կմ) կառուցման և Ագարակ-Վարդանիձոր ճանապարհի (մոտ 21 կմ) վերակառուցման շուրջ համաձայնագիրը: Փաստաթուղթը կստորագրվի հայկական կողմի և ճանապարհաշինական երկու իրանցի կապալառուների միջև", - ասվում է նախարարության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհը էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ Մինչդեռ, 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար, այսօր խոսքը շուրջ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին է ։
Հավելենք նաև, որ այս տարվա հունիսին Տարածքային կառավարման նախարարությունում հայտարարել էին, որ Սյունիքում "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շինարարական աշխատանքները թևակոխում են գործնական փուլ. մնացել է կառուցել Սիսիան - Քաջարան (Տրանշ-4) ամենաբարդ 60 կմ երկարությամբ և 1 մլրդ դոլար արժողությամբ հատվածը: Այդ հատվածում կկառուցվի 27 կամուրջ ՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել ՝ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ, որոնցից մեկը կլինի ամենաերկարը Հայաստանում (8 կմ երկարությամբ): Չնայած այդ հատվածի բարդ ռելիեֆին՝ այդ մայրուղու վրա հնարավոր կլինի զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն: Պատասխանատուների խոսքով՝ դա կլինի 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհ, որը ճանապարհի տևողությունը կկրճատի շուրջ 2 ժամով: