Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023 15:00
Ալինա Հովհաննիսյան

BYD Auto Industry-ի պատվիրակությունը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

BYD Auto Industry-ի պատվիրակությունը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում հանդիպում է ունեցել BYD Auto Industry » ընկերության ներկայացուցչների հետ։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում չինական կողմի հետ մանրամասնորեն քննարկվել են նախկինում ներկայացված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության, տրամադրվող արտոնությունների, ներդրումային ծրագրերի ուղղությամբ վերջին տարիներին տարվող ակտիվ աշխատանքները։

 

Քննարկվել են «BYD Auto Industry» ընկերության գործունեությանը, արևային էներգետիկայի ոլորտին, R&D նորարարական գրասենյակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Չինական կողմը խոստացել է հոկտեմբեր ամսվա վերջին այցելել Հայաստան՝ հայաստանյան շուկային տեղում ծանոթանալու և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։

 

Նշենք, որ BYD CO Ltd -ն չինական կոնգլոմերատ է, որն իր մեջ ներառում է ավտոմեքենաներ արտադրող BYD Auto Industry-ն և կուտակիչներ ու էլեկտրոնիկա արտադրող BYD Electronic-ը: Ընկերության հիմնական արտադրանքը մեքենաներն ու բաղադրիչներն են, որոնց 2021 թվականին բաժին է ընկել հասույթի 52% - ը, կուտակիչներին և արևային մարտկոցներին՝ հասույթի 7% - ը, այլ արտադրանքներում ներառված են բջջային հեռախոսների և այլ էլեկտրոնիկայի բաղադրիչներ, ինչպես նաև տեխնիկայի հավաքման ծառայություններ։