Արմինֆո. Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են ճանապարհային տուրքերի զրոյացման շուրջ։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին ճեպազրույցում հաղորրդել Է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը՝ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի շուրջ համաձայնագրի ստորագրմանը նվիրված միջոցառման շրջանակում։
"Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք լավ պայմանավորվածությունների՝ չեղարկել ճանապարհային տուրքերը, ինչը կազդի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունների արդյունավետության բարձրացման վրա", - ասել է Մեհրդադ Բազրփաշը: Այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ հայկական կողմը խոստացել է համապատասխան օրենսդրական գործընթացներ նախաձեռնել։
Խոսելով այլ պայմանավորվածությունների մասին՝ նախարարը նշել է, որ Հայաստանն ու Իրանը պայմանավորվել են նաև ստեղծել աշխատանքային խումբ, որը կհամակարգի Արաքս գետի վրա կամրջի կառուցման աշխատանքները, ինչպես նաև համատեղ կոմիտե՝ Հայաստանում բնակարանաշինության և դպրոցաշինության ոլորտում նախագծերի համար:
Նշենք, որ այսօր Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները՝ ի դեմս "Ճանապարհային դեպարտամենտ" հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի և "Աբադ Ռահան Փարս" և "Թունել Սադ Արիանա" համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ Ալի Մուսավիի և Ալեն Յուսեֆյանի, պայմանագիր են ստորագրել "Հյուսիս-Հարավ" միջանցքի կառուցման ներդրումային ծրագրի 4-րդ Տրանշի շրջանակներում մինչև թունելի ելքը (մոտ 11 կմ) Վարդանիձոր ճանապարհի կառուցման և Ագարակ-Վարդանիձոր (մոտ 21 կմ) ճանապարհի վերակառուցման մասին:
Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջատար չափանիշներին ՝ ինչպես ճանապարհային երթևեկության անվտանգության, այնպես էլ ճանապարհահատվածի ժամանակի կրճատման առումով: Մասնավորապես, տվյալ հատվածը կունենա 5 նոր հատում, 6 էստակադ, 2 նոր թունել ՝ 920մ ընդհանուր երկարությամբ, և 17 նոր կամուրջ: Նախագիծը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ՝ Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թվականի վերջին և կտևեն 3 տարի։
Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" նախագիծը թույլ կտա իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը 556 կմ-ից կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհը էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ Մինչդեռ, 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար, այսօր խոսքը շուրջ 3 մլրդ դոլարի ներդրումների մասին է։