Արմինֆո.Ծրագրի շրջանակում կենսաթոշակառուներին և բանկային քարտերով վճարման նպաստառուներին 2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջը վերադարձվել է 4.1 մլրդ դրամ գումար:
Կառավարության հաղորդագրության համաձայն, գործադիրն այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացի շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:
Ծրագրի մեկնարկի՝ 2022 թ. հուլիսի, համեմատ 2023 թ. սեպտեմբեր ամսին գործարքների ծավալներն աննախադեպ ավելացել են, որը պայմանավորված է ինչպես 2023 թ. հուլիսի 1-ից բարձրացած կենսաթոշակների և նպաստների չափերով, այնպես էլ այն հանգամանքով, որ «Պետական նպաստների մասին» օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստները վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով: Ըստ այդմ՝ միջոցառման շահառուների թիվը, ինչպես նաև անկանխիկ գործարքների ծավալները և, հետևաբար հետվճարի գծով ամսական ծախսը 2023 թ. հուլիսի 1-ից ավելացել են նաև ի հաշիվ վերոնշյալ օրենսդրական դրույթների կիրառման։ 2023թ. սեպտեմբերից գործընկեր բանկերի թվին ավելացել է նաև «Յունիբանկը», ըստ այդմ՝ աճել է նաև այդ բանկի միջոցով հետվճար ստացողների թիվը: 2022 թ.-ին միջոցառման շահառուների միջին ամսական թիվը կազմել է 44031, իսկ 2023 թ. օգոստոսին՝ 141031 շահառու (նախորդ ամսվա նկատմամբ աճը կազմել է շուրջ 12 %), իսկ հետվճարի գծով ծախսերը կազմել են 462.1 մլն դրամ (առանց եկամտային հարկի)։ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը 2022 թ.-ին կազմել է 2915 դրամ, իսկ 2023 թ. օգոստոսին՝ 3276 դրամ: 2023 թ. հունվար-օգոստոս ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել են շուրջ 3.08 մլրդ դրամ։ ՀՀ 2023 թ. պետբյուջեով առաջին 9 ամիսների ընթացքում վճարվել է շուրջ 3,4 մլրդ դրամ։ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ 2023 թ. հունիս, հուլիս և օգոստոս ամիսների հետվճարի համար հատկացվել է 1,460,638.0 հազ դրամ: Պետբյուջեով 2023 թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նշված միջոցառման իրականացման համար ծախսեր նախատեսված չեն։ Ըստ այդմ՝ այդ ամիսների ընթացքում հետվճարը կատարելու, եկամտային հարկը վճարելու համար անհրաժեշտ է հատկացնել լրացուցիչ միջոցներ՝ 1,800,000 հազար դրամ: