Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և Ռուս-հայկական համալսարանը (ՌՀՀ) սկսում են համատեղ գիտահետազոտական և կրթական ծրագրեր իրականացնել պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ոլորտում։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը և ՌՀՀ-ի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը:
ՌՀՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության առանցքային ուղղություններից է որակյալ կադրերի պատրաստումը կրթական ծրագրերում ՊՄԳ ոլորտում՝ Հայաստանում համապատասխան նախագծերի իրականացման համար, ինչպես նաև գիտական հետազոտությունների իրականացումը, որոնք օգնում են բարելավել հանրապետությունում այս հատվածի զարգացման մակարդակը։ Առաջիկա տարում նախատեսվում է պատրաստել համատեղ վերլուծական ակնարկներ, ուսումնասիրություններ և հաշվետվություններ ՊՄԳ-ի զարգացման ակտուալ խնդիրների և հեռանկարների, այդ թվում՝ անդրսահմանային նախագծերի իրականացման վերաբերյալ:
«ԵԱԶԲ-ն ունի եզակի իրավասություններ ՊՄԳ ոլորտում իր երկրներում: Բանկը մասնակցել է բարդ նախագծերում Կենտրոնական Ասիայում: Օրինակ, մենք գործընկերների հետ, այդ թվում՝ Իսլամական զարգացման բանկի հետ, իրականացրել ենք տարածաշրջանում առաջին միջազգային ՊՄԳ նախագիծը՝ Ալմաթիի մեծ օղակաձև ավտոճանապարհը։ Մենք ակտիվորեն կիսում ենք մեր փորձը, արդեն մի շարք սեմինարներ ենք անցկացրել Ղրղըզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության պետական ծառայողների և բիզնեսների համար», - ասել է Իլյինը: Նրա խոսքով, նոր փուլը ՌՀՀ-ի հետ համագործակցությունն է, որն ուղղված է երկարաժամկետ արդյունքների։ «Բանկի, ՌՀՀ–ում ՊՄԳ–ի իրավասությունների կենտրոնի աջակցությամբ, միջազգային չափանիշներին և շուկայի պահանջներին համապատասխանող կրթական պրոդուկտների ներդրման շնորհիվ կազմակերպությունը Հայաստանում կստեղծի ՊՄԳ ինստիտուցիոնալ համակարգի արդյունավետ տարր և կլրացնի այս ոլորտում մասնագետների վերապատրաստման կարիքները։ Եվ, իհարկե, պասում ենք ուսանողներին պրակտիկա անցնելու համար»,- ասել է ԵԱԶԲ-ի ավագ գործադիր տնօրեն Դենիս Իլյինը։
«ՌՀՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև համագործակցությունը կիրականացվի էկոնոմիկայի և ֆինանսների ամբիոնի հիման վրա և կարող է դառնալ ՀՀ–ում զարգացման ինստիտուտների հետ փոխգործակցության զարգացման ոլորտի առանցքային ուղղություններից մեկը։ Միաժամանակ, քանի որ Հայաստանում պետական-մասնավոր հատված համագործակցությունն այն ուղղություններից է, որը նոր է սկսում զարգանալ, կարևոր է մեր բուհի դերը երկրում այս ոլորտի կայացման գործում»,- նշել է ՌՀՀ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Սերգեյ Կապինոսը։
Նշենք, որ Հայաստանը ԵԱԶԲ անդամ է 2009 թվականից: Այս տարիների ընթացքում Հայաստանում իրականացվել է շուրջ 508 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 24 նախագիծ, որոնցից 6-ի գծով շուրջ 126 մլն դոլար է ներդրվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան և ֆինանսական հատվածը։ Հիշեցնենք, որ Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում Եվրասիական տարածաշրջանում: Ավելի քան 17 տարի ԵԶԲ-ն նպաստում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև անդամ երկրների համակողմանի զարգացմանը: ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։
ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասնաբաժինը զբաղեցնում են ինտեգրացիոն էֆեկտ ունեցող նախագծերը, ինչպիսիք են տրանսպորտային ենթակառուցվածքը, թվային համակարգերը, կանաչ էներգետիկան, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և մեքենաշինությունը: Իր գործունեության ընթացքում Բանկն առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման օրակարգով և ESG սկզբունքներով: