Երեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2023 18:13
Ալինա Հովհաննիսյան

Վահան Քերոբյան. Երասխի հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը կտեղափոխվի

Վահան Քերոբյան. Երասխի հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը կտեղափոխվի

Արմինֆո.Չնայած ադրբեջանական զինուժի կողմից Երասխում (Արարատի մարզ) կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակահերթերին, նախագիծը շարունակում է իրագործվել: Այդ մասին հոկտեմբերի 31-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Ընդ որում, նա նշել է, որ գործարանը կտեղափոխվի։ Նոր վայրը, նախարարի խոսքով, գտնվում է ի սկզբանե ընտրված վայրից ոչ հեռու։ <Մենք գործ ունենք մասնավոր ներդրումների հետ: Ուստի ներդրողներն իրենք են որոշում իրենց հետագա քայլերն ու գործողությունները ։ Իսկ մենք, հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային իրավիճակը, փորձում ենք նրանց համար առավելագույնս օգտակար լինել", - ընդգծել է Քերոբյանը։ Ընդհանուր առմամբ, նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի մետալուրգիական ոլորտում ներդրումներն աճում են՝ այդ կապակցությամբ վկայակոչելով մի շարք նոր գործարանների կառուցումը: Քերոբյանը, սակայն, նշել է, որ երկարաժամկետ ներդրումային ծրագրերի գլխավոր պայմանը, այնուամենայնիվ, երկարաժամկետ խաղաղությունն է: "Մենք կարող ենք օրենքներ փոխել, ծրագրեր մշակել, ներդրումներ ներգրավել, բայց խաղաղությունն այն անհրաժեշտ պայմանն է, որը կարող է ապահովել խոշոր ներդրումային ծրագրեր", - ասել է նա:

 

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր Երասխում սեւ մետաղների վերամշակման, անկյունակների, խողովակների արտադրության մետալուրգիական գործարանի կառուցման մասին: Նա նշել էր, որ ներդրումները կազմել են 70 մլն դոլար, իսկ գործարանը կկառուցվի 16.500 քմ մակերեսով տարածքում, տարեկան արտադրության ծավալները կկազմեն մոտ 180 հազար տոննա: "Ձեռնարկության կառուցման գործում արդեն ներգրավված է 200 մարդ, իսկ դրա գործարկումից հետո աշխատողների թիվը կհասնի 1000 - ի", - հայտարարում էր Քերոբյանը:

 

Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման մասին հայտարարությունից որոշ ժամանակ անց ադրբեջանական զինուժը կրակ էին բացել շինհրապարակի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վնասվել էին երկու քաղաքացիական ավտոմեքենա և գործարանի վարչական շենքը։ Բացի այդ, մայիսի 14-ին մետալուրգիական գործարանի գնդակոծության հետևանքով վիրավորվել էր Հնդկաստանի երկու քաղաքացի: