Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023 13:11
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կկազմեն 24.5 մլրդ դրամ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կկազմեն 24.5 մլրդ դրամ

Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կկազմեն 24.5 մլրդ դրամ, ինչը 4.7 մլրդ դրամով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ։

 

Ծախսերի ավելացումը, նրա ասելով, կապված է պետական հատվածի արդիականացման ծրագրի հետ։ Խաչատրյանը նշել է, որ այդ մասով նախատեսված են 3 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, որոնք ուղղվելու են սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռք բերմանը:

 

Ընդհանուր առմամբ, ինչպես պարզաբանել է նա, 2024 թվականի համար կառավարության ղեկավարի աշխատակազմը մտադիր է իրականացնել 11 ծրագիր և 51 միջոցառում։

 

Մասնավորապես, պետական հատվածի արդիականացման ծրագրից զատ, իրականացվելու են հասարակական և այլ կազմակերպությունների աջակցության, հանրային իրազեկման, պետական ծառայողների վերապատրաստման, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, Հայաստան-Սփյուռք գործակցության, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, տեսչական վերահսկողության, տոների և հիշատակի օրերի նշման, Սփյուռքի ներուժի ներգրավման, միջազգային արբիտրաժներում, դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացման և պաշտպանության և այդ ատյանների որոշումների իրականացման ծրագրեր:

 

Խոսելով վերջինի մասին՝ Խաչատրյանը նշել է, որ ծախսերը 1.8 մլրդ դրամից աճել են մինչև 3.8 մլրդ դրամ, ինչն առավելապես կապված է իրավաբանական և փաստաբանական խորհրդատվական ծառայություններ ստանալու անհրաժեշտության հետ:

 

Նա նաև տեղեկացրել է, որ հանրային իրազեկման ծրագրի ծախսերն աճել են մինչև 245 մլն դրամ, քանի որ այլ գերատեսչությունների լիազորություններն այդ կապակցությամբ անցել են վարչապետի աշխատակազմին:

 

Խորհրդարանականների շրջանում դժգոհություն են առաջացրել Հանրային խորհրդի գրասենյակի պահպանման հետ կապված ծախսերը, որոնք կազմել են 12 մլն դրամ: Վերջիններիս ասելով՝ խորհրդի գործունեության, կառուցվածքի, կատարած աշխատանքների մասին որևէ տեղ տեղեկություն չկա: Պատգամավորներն աշխատակազմի ղեկավարի տեղակալին խնդրել են տրամադրել համապատասխան տեղեկատվություն