Արմինֆո.Հայաստանը կարևոր քայլ է կատարում իր հանրային ծառայությունների մատուցումն արդիականացնելու ուղղությամբ այսօր մեկնարկած՝ «Հանրային ծառայությունների միջոցով թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդում կառավարման տեխնոլոգիաների միջոցով» ծրագրով։
Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ» -ի կողմից ֆինանսավորվող, Հայաստանի կառավարության կողմից իրականացվող նախաձեռնության մեկնարկը նշանավորվել է Համաշխարհային բանկի, Հայաստանում ՄԹ դեսպանատան եւ Երևանի քաղաքապետարանի միջև փոխըմբռնման բազմակողմ հուշագրի ստորագրմամբ։
Համաշխարհային բանկի հաղորդագրության համաձայն, ծրագրով նախատեսվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների շրջանակում բիզնես գործընթացների օպտիմալացման միջոցառումներ, այդ թվում՝ նոտարական ծառայությունների, շինարարության թույլտվությունների, հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթների և այլն պարզեցում՝ հանրության համար դրանցից օգտվելը դարձնելով ավելի պարզ և արագ։
«2004 թ․-ից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է պետական կառավարման բարեփոխումները մի շարք ծրագրերի միջոցով։ «Կառավարման տեխնոլոգիաների միջոցով հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և մատչելիության ամրապնդման» ծրագիրն ունի համապատասխան թվային ենթակառուցվածքների համար հիմք ստեղծելու նպատակ՝ թվային միջոցներով առավել արդյունավետ, ծախսարդյունավետ և օգտվելու համար դյուրին հանրային ծառայությունների մատուցումն ապահովելու համար։ Մենք հավատում ենք, որ նման նախաձեռնությունները կնպաստեն ավելի լավ բիզնես միջավայրին և կբարձրացնեն հանրային հատվածի կողմից ծառայությունների տրամադրման թափանցիկությունը և հաշվետվողականությունը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
«Հանրային կառավարման բարեփոխումները պետական կառավարման համակարգում, տեղական ինքնակառավարման մարմիններում կարևորագույն բարեփոխումների փաթեթն են: Սա միայն ներքին գործընթաց չէ և ուղղակիորեն անդրադառնում է տնտեսվարողների ու մարդկանց կյանքի վրա: Այս հուշագրի ստորագրումից հետո, ես վստահ եմ, որ մենք մեծ թափով կսկսենք իրականացնել առաջին ծրագրերը և, դրան զուգահեռ, Երևանի քաղաքապետարանը կսկսի իրականացնել հանրային կառավարման բարեփոխման լայն շրջանակը: Պատմականորեն Երևանի քաղաքապետարանը բավականին բյուրոկրատական համակարգի ընկալում է ունեցել և այս ծրագրի հիմնական նպատակն է այդ ընկալումները փոխել»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ծրագրի կարևոր բաղադրիչ է ծառայություններով բավարարվածության տարեկան վիճակագրական հետազոտության անցկացումը, որի միջոցով հանրային կարծիքներ կհավաքվեն և կգնահատվի ծառայությունների մատուցումից գոհունակության մակարդակը։ Կառավարման մարմինների անձնակազմի հզորացման և նրանց կարողությունների կատարելագործման համար ծրագրում ներառվում է կարողությունների զարգացման բաղադրիչ՝ ձեռքբերած գիտելիքների գործնական կիրառումը խթանելու համար, ապահովելով հանրային ծառայությունների բարելավմանն ուղղված կայուն մոտեցում։
«Հայաստանն իր հանրային հատվածն արդիականացնելու և թվային վերափոխումը պատրաստակամորեն ընդունելու հստակ հանձնառություն է դրսևորել։ ՄԹ-ն թվային նորարարության զգալի փորձ և փորձառություն ունի։ Ուրախ եմ, որ ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամ»-ը ֆինանսավորում է Համաշխարհային բանկին՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ կառավարման տեխնոլոգիաների միջոցով հանրային ծառայությունների թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մատչելիության ամրապնդման ծրագիր իրականացնելու համար։ Այս ծրագրով տեխնիկական ուղեցույց է առաջարկվում և ներկայացվում է լավագույն փորձը, ինչը կբարելավի թվային ծառայությունների տրամադրումը թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակով՝ ստեղծելով ավելի արդյունավետ հանրային ծառայությունների և կայուն զարգացումը խթանելու հնարավորություն»,- իր ելույթում նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։
Ծրագիրը համահունչ է Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, որն արդյունավետ կառավարում ձևավորելու համար որպես ճանապարհային քարտեզ է ծառայում։ Ծրագիրը փոխլրացնում է նաև Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» (ՊՀԱԾ 4) վարկավորման գործառնությունը՝ երկրի հանրային հատվածում համապարփակ ներդրումը, որի նպատակը Հայաստանի հանրային կառավարման համակարգի արդիականացումն է՝ արդյունավետության, հասանելիության և հանրային ծառայության ընդհանուր որակի բարձրացման համար։
Համաշխարհային բանկը ներկայումս Հայաստանում ֆինանսավորում է 500 միլիոն դոլար ընդհանուր արժեքով տասը ծրագիր։ Հայաստանում 1992 թ․ իր գործունեության մեկնարկից ի վեր Համաշխարհային բանկը տրամադրել է մոտավորապես 2,7 միլիարդ դոլար Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր 2023 թ․-ին դարձավ Հայաստանը․ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու իր օժանդակությունը Հայաստանին` աղքատության նվազեցման և համընդհանուր բարգավաճման իր զարգացման ճանապարհին։