Արմինֆո. Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանն անռչվող անորոշության պայմաններում խոսել, առավել ևս, պլանավորել երկաթուղու կառուցումը, նպատակահարմար չէ: Այդ մասին նոյեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ 2024 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նա նշել է, որ չի կարելի երկաթուղու վերաբերյալ կազմել ծրագրեր, որոնք չեն կարողանա դուրս գալ արտասահմանյան ճանապարհներ։ Փոխարենը՝ երկրի իշխանությունները կենտրոնացած են "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհային միջանցքի, այդ թվում՝ դրա հարավային հատվածի կառուցման վրա, որը ռազմավարական նշանակություն ունի՝ անվտանգության տեսանկյունից։ Այդ հատվածում միայն հիմա է հնարավորություն ստեղծվել հստակ քայլեր ձեռնարկել։ Դրանում ոչ վերջին դեր է կոչված խաղալու Եվրոպական միության ֆինանսական աջակցությունը, որը կարող է տրամադրել մինչեւ 600 մլն եվրո։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով շինարարություն է իրականացվելու երկրորդ և երրորդ տրանշների շրջանակներում։
ԱԺ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, իր հերթին, բարձրացրել է Երևանում կոշտ թափոնների աղբավայրի կառուցման նախագծի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների հարցը: Նա հիշեցրել է, որ դեռևս 2015 թվականին այդ նպատակով Եվրոպական ներդրումային բանկը և ՎԶԵԲ-ը 8-ական մլն եվրո են հատկացրել, ևս 10 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրել ԵՄ-ը, բայց, միևնույն ժամանակ, եվրոպացիները պայման են դրել, որ աղբավայրի կառուցմամբ և շահագործմամբ պետք է զբաղվի նույն ընկերությունը, որը, ինչպես պարզվել է, հանրապետությունում չկար: Արդյունքում՝ որոշում է կայացվել տարանջատել այդ գործառույթները, որոնց համապատասխան, պետք է անցկացվեն հայտամրցույթներ։ Նախագիծը շատ կարևոր է մայրաքաղաքի համար, հատկապես, հաշվի առնելով Նուբարաշենի աղբավայրում հաճախակի բռնկվող հրդեհները:
Ի պատասխան՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային նախագծերը Հայաստանում չեն սահմանափակվում միայն Երեւանում կոշտ թափոնների աղբավայրի շինարարությամբ: Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացված կարևոր նախագծերից էր Վեդու ջրամբարի կառուցումը, որը շահագործման կհանձնվի ընթացիկ տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին:
ԵՄ-ը նաեւ ակտիվորեն ներգրավված է կրթության և դատաիրավական համակարգերի բարեփոխումների գործընթացում: Մասնավորապես, 2024 թվականին Հայաստանն ակնկալում է Եվրամիությունից ստանալ 17,9 մլն եվրո դրամաշնորհ, որը կուղղվի դատական ոլորտի բարեփոխումներին աջակցելուն։ Այդ ծրագիրն իրականացվել է նաև 2023 թվականին, այն ժամանակ դրա համար հատկացվել է 2,7 մլն եվրո, հաջորդ տարի նախատեսվում է ծախսել 5,4 մլն եվրո։ Երկրորդ ուղղությունը, ըստ էության, դատական ոլորտի բարեփոխումների երկրորդ փուլն է, որին կուղղվի 2,5 մլն եվրո։ Երրորդ ուղղությունը վերաբերում է կրթության ոլորտին։ Հաջորդ տարի հիշյալ դրամաշնորհից կրթական բարեփոխումների համար կհատկացվի 10 մլն եվրո։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 32 մլն եվրո։