Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023 16:38
Ալեքսանդր Ավանեսով

Փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի շինարարության ընթացքին

Փոխվարչապետը ծանոթացել է Վեդու ջրամբարի շինարարության ընթացքին

Արմինֆո. Նոյեմբերի 3-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ և տեղում ծանոթացել Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, փոխվարչապետին է ներկայացվել ինչպես արդեն իսկ կատարված,այնպես էլ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այցի ավարտին փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ` աշխատանքների հետագա ընթացքն արդյունավետ կերպով կազմակերպելու և  շինարարությունը սեղմ ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

 

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 26 - ին Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 մլն եվրո վարկ (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կկազմի 15 մլն եվրո), որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 29.4 խմ ծավալով և 120 հա ջրային մակերեսով ջրամբար: Ջրի աղբյուր կդառնան Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերը: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա նվազեցնել Արարատյան դաշտի ջրի դեֆիցիտը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոս համակարգի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ջրառը կկրճատվի 19 մլն խմ-ով, իսկ ոռոգելի հողատարածքների մակերեսը կավելանա մոտ 300 հա-ով: Ջրամբարի շահագործումից հետո կանջատվեն 11 պոմպակայաններ, ևս 3 - ը՝ մասնակի, տարեկան կտրվածքով տնտեսումը կկազմի մոտ 1 մլրդ դրամ կամ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներցանցային տնտեսությունների կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով։ Ջրամբարի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր Արաքսի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու իր ծրագրերի մասին, ինչը հայկական կողմի համար ռիսկեր է պարունակում ոռոգման ջրի դեֆիցիտի տեսքով: Հայաստանը չի կարող լիովին համահարթեցնել նման ռիսկերը, սակայն Վեդիի ջրամբարը թույլ կտա մեղմել թուրքական ջրային էքսպանսիայի հետեւանքները։