Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023 12:59
Ալինա Հովհաննիսյան

Համաշխարհային բանկի զեկույց. Հայաստանի աղքատ բնակչության 57 տոկոսը սոցիալական աջակցության պետական ծրագրերի շահառու չէ

Համաշխարհային բանկի զեկույց. Հայաստանի աղքատ բնակչության 57 տոկոսը սոցիալական աջակցության պետական ծրագրերի շահառու չէ

Արմինֆո. Հայաստանի սոցիալական ապահովության և պաշտպանության ոլորտում խոցելիության գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն: Ծախսերի արդյունավետության բարելավում»  զեկույցում, որը նոյեմբերի 9-ին կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է ՀԲ ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

 

Անդրադառնալով հետազոտական աշխատանքի արդյունքներին՝ նա տեղեկացրել է, որ Հայաստանում աղքատ բնակչության 57 տոկոսը սոցիալական աջակցության պետական ծրագրերի շահառու չէ: Մտահոգիչ է նաև այն, որ բնակչության սոցիալապես խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելու համար նախատեսված միջոցների 20%-ն ուղղվում է ամենահարուստ ընտանիքներին, որոնք ևս, անհայտ պատճառներով, այդ ծրագրի շահառուների թվում են:

 

Մանուկյանը նշել է, որ սոցապահովության ոլորտին բաժին է ընկնում կառավարության ծախսերի 25 տոկոսը, ինչը ծավալներով զիջում է միայն Հայաստանի պաշտպանական ոլորտին: Սոցիալական ուղղվածության ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է կենսաթոշակների ապահովմանը, ինչպես նաև նպաստների վճարմանը։

 

Նա, ընդհանուր առմամբ, ընդգծել է, որ մշակված ծրագրերը բավականին զարգացած են և նպաստում են աղքատության կրճատմանը: Վերջիններիս բացակայության դեպքում, ըստ ՀԲ ավագ տնտեսագետի, Հայաստանում աղքատության մակարդակը կկրկնապատկվեր, և կնկատվեր բնակչության անհավասարության կտրուկ աճ:

 

Մատնանշելով վերջին տարիներին երկրում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների արդյունավետությունը՝ Մանուկյանը, սակայն, նշել է, որ այդ ուղղությամբ ևս կան որոշակի դրույթներ, որոնք բարելավման կարիք ունեն: "Կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներ իրականացվում են, բայց դրանք բավարար չեն", - ասել է նա:

 

Նշենք, որ Համաշխարհային բանկի զեկույցը պարունակում է նաև կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում ՝ առողջապահության ոլորտում: Զեկույցը բաղկացած է 4 բաժիններից, որոնք նվիրված են Հայաստանի մակրոֆիսկալ քաղաքականությանը, սոցիալական, առողջապահության ոլորտի ծախսերին, ինչպես նաև ներառված են առաջարկություններ ծախսերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

 

Հիշեցնենք, որ 2024 թվականի բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարվել է, որ հաջորդ տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կապիտալ ծախսերը կկազմեն 755.3 մլրդ դրամ, ինչը 15.5% - ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

 

Համաշխարհային բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի համատեղ հետազոտության արդյունքների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակը 2022 թվականի արդյունքներով կազմել է 51.3% ՝ մեկ անձի համար օրական 6.85 դոլար (2017թ) գնողունակության պարիտետի հիման վրա։