Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը գտնվում են Ճապոնիայում՝ «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսին հայտավորված երկրների մասնակիցների հանդիպում 2023» միջոցառմանը մասնակցելու և երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում Վահան Քերոբյանը նոյեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի և նորանկախ պետությունների հետ առևտրի ընկերակցության («ROTOBO» ֊ Japan Association for Trade with Russia and NIS) գործադիր տնօրեն Կյոիչի Սուզուկիի և ասոցիացիայի անդամ Միզուկի Չումանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը։
ROTOBO ասոցիացիան խոշորագույն կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացման խթանմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սարքաշինության և մեքենաշինության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև այս ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է ճապոնական կողմին դիտարկել այդ նախագծում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։
Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։
Նշենք, որ ROTOBO-ն հիմնադրվել է 1967թ. հունվարի 16-ին և Ճապոնիայում միակ կազմակերպությունն է, որը նպաստում է Ճապոնական ձեռնարկությունների և Եվրասիայի նախկին սոցիալիստական պետությունների միջև գործարար համագործակցության զարգացմանը: Գործընկեր երկրներն են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Հայաստանը, Վրաստանը, Մոնղոլիան, Ադրբեջանը: ROTOBO-ն ներառում է գրեթե 200 անդամ, այդ թվում ՝ առևտրային ընկերություններ, արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ, բանկեր, ֆոնդային ընկերություններ, արդյունաբերական ասոցիացիաներ, ուղևորների և բեռների փոխադրման գործակալություններ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ: Հիմնական գործունեությունը գործընկեր երկրների հետ բիզնեսին առնչվող տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունն է, այդ տեղեկատվության տարածումը ROTOBO-ի անդամների շրջանում, ROTOBO-ի անդամներին այնպիսի ծառայությունների մատուցումը, ինչպիսիք են խորհրդատվությունը, աջակցությունը բիզնես գործընկերներ գտնելու և վեճերի լուծման հարցում, բիզնես ֆորումների, սեմինարների, շնորհանդեսների և դասախոսությունների կազմակերպումն ու աջակցությունը, մասնագետների և պատվիրակությունների ուղարկումը գործընկեր երկրներ, ինչպես նաև այդ երկրներից պատվիրակությունների ընդունումը, աջակցություն ցուցաբերելը այն երկրներին, որոնք անցում են կատարում շուկայական տնտեսությանը, տնտեսության բարեփոխմանը՝ ներառյալ օգնությունը կադրերի պատրաստման գործում:
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 3.8 անգամ՝ կազմելով 297.4 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 1.1 տոկոսով՝ մինչև 2.2 մլն դոլար՝ ներմուծման 2.9 անգամ, մինչև 295.2 մլն դոլար աճի ֆոնին։