Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ճապոնիա կատարած այցի շրջանակում նոյեմբերի 13-ին Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել JETRO-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Նորիհիկո Իշիգուրոյի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմները քննարկել են հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված գործնական հարցեր:
Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչությունը, գործարարությամբ զբաղվելու դյուրին պայմանները և օրեցօր ավելի ազատականացող օրենսդրությունը, և ընդգծել այս ամենի մասին ճապոնացի գործարարների իրազեկվածությունը բարձրացնելու անհրաժեշտությունը:
Նորիհիկո Իշիգուրոն պատրաստակամություն է հայտնել այս հարցում ամենայն աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, ինչպես նաև օժանդակել Հայաստանին համատեղ գործարար միջոցառումներ իրականացնելու հարցում:
Կողմերն անդրադարձել են հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի և պայմանավորվել հետամուտ լինել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:
Նշենք, որ Ճապոնիայի արտաքին առևտրի զարգացման կազմակերպության (JETRO) Ճապոնիայի կառավարության կողմից ստեղծված կազմակերպություն է, որն աջակցում է Ճապոնիայի և աշխարհի այլ երկրների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների զարգացմանը: Ի սկզբանե Ճապոնիայի արտահանման զարգացմանը նպաստելու համար 1958 թվին ստեղծված JETRO-ն 21-րդ դարում փոխել է իր հիմնական խնդիրը' Ճապոնիա օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու և Ճապոնիայի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու համար' նրանց միջազգային առևտրային ներուժի զարգացման գործում:
Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև առևտրաշրջանառությունը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 3.8 անգամ ՝ կազմելով 297.4 մլն դոլար։ Ընդ որում, արտահանումն աճել է 1.1 տոկոսով ՝ մինչև 2.2 մլն դոլար՝ ներմուծման 2.9 անգամ, մինչև 295.2 մլն դոլար աճի ֆոնին։