Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը պետք է իրականություն դառնա ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով ՝ բոլոր կողմերի համաձայնությամբ, եւ, եթե նախաձեռնությունն իր շարունակությունը գտնի, որոշակի փուլերում դրա իրականացման համար միջոցներ կգտնվեն: Մասնավորապես, պահուստային ֆոնդում առկա են դեռևս չբաշխված ֆինանսական ռեսուրսներ, որոնք ուղղվելու են այդ ծրագրերի իրականացմանը։
Նախարարը նշել է, որ երկրի 2024 թվականի պետական բյուջեի նախագծով զգալի ֆինանսական ռեսուրսներ են նախատեսված ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Այս համատեքստում ՀՀ կառավարությունն ակնկալում է նաև Եվրոպական միության աջակցությունը, այդ թվում՝ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի հարցում։ Այսպես, տրանսպորտային միջանցքի հարավային հատվածի երրորդ տրանշով ֆինանսավորումը կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը։ Հովհաննիսյանը հավելել է, որ հարավային հատվածում քննարկումները դեռ շարունակվում են ՝ կապված առկա որոշ տեխնիկական խնդիրների հետ:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կայացած "Մետաքսի ճանապարհ" համաժողովում ներկայացրել էր տարածաշրջանային կոմունիկացիաների հաստատման վերաբերյալ "Խաղաղության խաչմերուկ " նախագիծը, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը համարելով խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ։ Այդ նախաձեռնության շրջանակում հանրապետությունում արդեն ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որը զբաղվելու է Հայաստանի տարածքով անցնող միջազգային կոմունիկացիաներով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց երթևեկության անվտանգության ապահովմամբ: