Արմինֆո.Հայաստանում բենզինի ընթացիկ գներն արտացոլում են օբյեկտիվ իրականությունը, կարծում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (ՄՊՀ):
Կարգավորիչի մամուլի ծառայությունում նշել են, որ ՄՊՀ-ը հստակ իրականացնում է իր գործառույթները՝ ամենօրյա ռեժիմով հետևելով, որպեսզի բենզինի շուկայում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից իրացման գների չհիմնավորված տատանումներ տեղի չունենան:
«Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջազգային բորսաներում արձանագրվել է բենզինի գների բարձրացում: Հաշվի առնելով ՀՀ տնտեսավարողների լոգիստիկ ծախսերը և հարկերը՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ ԵԱՏՄ անդամ այլ երկրների համեմատ Հայաստանում բենզինի իրացման գներն ավելի բարձր են, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրներում, որոնք ընդ որում ունեն բենզինի սեփական պաշարներ, կիրառվում են ներքին շուկայի սուբսիդավորման մեխանիզմներ։
Միաժամանակ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ՝ նրանցից ստանալով օպերատիվ տեղեկատվություն: Հարկ է նշել, որ գների բարձրացմանը զուգահեռ տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը», - ասվում է ՄՊՀ հաղորդագրությունում:
Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում բենզինը 2023 թվականի հոկտեմբերին 2022 թվականի հոկտեմբերի համեմատ թանկացել է 8,6 տոկոսով ՝ դիզվառելիքի 11 տոկոսով էժանացման դեպքում (նախորդ տարվա, համապատասխանաբար, 2,3 և 33,6 տոկոս աճի դիմաց), բայց միայն հոկտեմբերին երկու դիրքերն էլ թանկացել են 6,3 տոկոսով և 7,1 տոկոսով ։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին բենզինը թանկացել է 25,5 տոկոսով, իսկ դիզվառելիքը ՝ ընդամենը 0,4 տոկոսով, մինչդեռ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դիզվառելիքի 28,2 տոկոսով թանկացումն ուղեկցվել է բենզինի 1,6 տոկոսով էժանացմամբ: