Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2023 11:22
Ալինա Հովհաննիսյան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են հյուսիսբալթյան գործարարների հետ Հայաստանի բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են հյուսիսբալթյան գործարարների հետ Հայաստանի բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 20֊ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին և Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Սթրեյթին։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը և նշել, որ երկրի ՀՆԱ֊ն 2023-ի 9 ամիսներին աճել է 9.2 տոկոսով:

 

Այնուհետև անդրադարձ է կատարվել Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ ինտեգրացիային վերաբերող ծրագրերի իրականացմանը։

 

Իր խոսքում Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ հանքարդյունաբերության էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում։

 

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը։

 

Քննարկվել է նաև հյուսիսբալթյան գործարարների հետ բիզնես կապերի ստեղծման հնարավորությունը։

 

Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ առաջին կիսամյակում Հայաստանից Ֆինլանդիա արտահանված ապրանքների մաքսային արժեքը տարեկան կտրվածքով աճել է 2.4 անգամ՝ մինչեւ 156.6 հազար դոլար: Ընդ որում, համանման աճ է գրանցվել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մասով ՝ մինչև 24.4 մլն դոլար