
Արմինֆո. Հայաստանը մեկ տարով կերկարաձգի ներմուծվող էլեկտրամոբիլների ԱԱՀ վճարումից ազատման արտոնությունը։ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի նոյեմբերի 21-ի արտահերթ նիստում:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, հիշեցրել է, որ ներկայումս վերոնշյալ տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:
«Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել եւս
մեկ տարով` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը»,- ընդգծել է Նարեկ Տերյանը:
Փոխնախարարի խոսքով 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
«ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երրորդ երկրներից քվոտայի շրջանակում ներմուծումը կազմել է մոտ 4496 միավոր, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ»,- մանրամասնել է զեկուցողը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` փոխնախարարը նշել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նպաստելու էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ավելացմանը եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, խորհրդարանի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք քայլեր ձեռնարկվում են լիցքավորման կայանների տեղադրման ստանդարտների ապահովման ուղղությամբ` ընդգծելով. «Այդ ենթակառուցվածքները նույնպես պետք է զարգանան, այլապես մեքենաների մասով արտոնությունները հետագայում կարող են նաեւ խնդիրներ առաջացնել»: Զեկուցողը նշել է, որ լիցքավորման կայանների տեղադրման հարցը թեեւ որոշում է համայնքային իշխանությունը, սակայն այն նաեւ ներառված է Կառավարության կողմից մշակվող համալիր ծրագրում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Նրա խոսքով քննարկման փուլում է նաեւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոբուսների, բեռնատարների եւ շինարարական տեխնիկայի ներմուծման հարկից ազատելու հարցը:
Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, խոսել ծառայողական մեքենաներն էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներով փոխարինելու անհրաժեշտությունից: Զեկուցողը նշել է, որ արդեն կան մի շարք գերատեսչություններ, որոնք ձեռք են բերում նման մեքենաներ: