Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023 10:25
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանը

Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանը

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ 

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է Ռաջ Կումար Սինգհին և ընդգծել, որ հատկապես վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններն արագ տեմպերով զարգանում են։ 

Նախարարը կարևորել է նաև օրերս Հայաստանի՝ Միջազգային արևային դաշինքին միանալու փաստը և հույս է հայտնել, որ այդ շրջանակներում ևս հարաբերությունները նույն տեմպով կզարգանան։ 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտում երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է հնդկական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, արդիականացման նախագծերում։

 

Կարևորվել է նաև համապատասխան մասնագիտական խմբերի փոխադարաձ այցերը Հայաստան և Հնդկաստան՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակով։

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի կողմից "Միջազգային արևային դաշինք ստեղծելու մասին" շրջանակային համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որը ստեղծվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում և արևային էներգիայի ռեսուրսների լայն օգտագործման ուղղությամբ համատեղ աշխատելու ամար: ՄԱԴ-ի նպատակն է նպաստել ավելի քան 1000 ԳՎտ լրացուցիչ հզորությունների տեղադրմանը մինչև 2030 թվականը՝ նույն ժամանակահատվածում նախատեսված 100 միլիարդ դոլար ֆինանսավորմամբ: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում։