Արմինֆո.Հայաստանն ու Իրաքը աշխատում են ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և վիզային ռեժիմի պարզեցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նախօրեին Գյումրիում կայացած «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություն. միավորելով նորարարությունները» կոնֆերանսի հարթակներում, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը:
Միաժամանակ Քերոբյանը մատնանշել է տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության ներուժը։ Մասնավորապես, նախարարի խոսքով, հայկական մի շարք ընկերություններ տեխնոլոգիական ծառայություններ են մատուցում իրաքցի գործընկերներին։ <Եվ այսօրվա կոնֆերանսը ցույց տվեց, որ այդ ներուժը շատ ավելի մեծ է: Այն հայկական տեխնոլոգիական ընկերությունները, որոնք արտադրում են վերջնական արտադրանք, պետք է ավելի ուշադիր նայեն իրաքյան 43 միլիոնանոց շուկային, որտեղ կան բազմաթիվ ոլորտներ, որոնք տեխնոլոգիաների կարիք ունեն", - ասել է Քերոբյանը։
Կոնֆերանսի շրջանակներում Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը կարևորել է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում փորձի փոխանակումն ու համատեղ նախագծերի իրականացումը: Գործարար կապերի հաստատման համար բարենպաստ միջավայրի ձևավորման համատեքստում երկրի ղեկավարը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունների անհրաժեշտությունը:
<Հպարտ եմ, որ ես Իրաքի առաջին նախագահն եմ, ով պաշտոնական այցով Հայաստանում է։ Ինչպես իմ այցը, այնպես էլ մյուս այցերը ավելի կամրապնդեն մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները և կնպաստեն սերտ համագործակցությանը", - ասել է նա։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի և Իրաքի նորարարական ներուժի միավորման հեռանկարները, բազմաոլորտ համագործակցության հնարավորությունները և այլն:
Հաղորդվում է, որ Գյումրիում Իրաքի նախագահն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի եւ Իրաքի արտաքին առեւտրաշրջանառությունը ընթացիկ տարվա 9 ամիսներին կրճատվել 18,4 տոկոսով' կազմելով 137,7 մլն դոլար: Ընդ որում, արտահանման ծավալները նվազել են 18,7 տոկոսով' մինչեւ 137 մլն դոլար, ներմուծման 2 անգամ' մինչեւ 737,6 հազար դոլար աճի դեպքում: