
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասաթուգու Ասակավային:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցությունը և ընդգծել, որ այն նպաստում է մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է նոր նախագծերի իրականացմամբ՝ ընդգծելով, որ ենթակառուցվածքների զարգացումը գործադիրի համար ունի առաջնահերթ նշանակություն:
Մասաթուգու Ասակավան արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը և նշել, որ ԱԶԲ-ն պատրաստ է ընդլայնել համատեղ ծրագրերը:
Այս համատեքստում, քննարկվել են սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում դպրոցների կառուցման, ճանապարհաշինության, առողջապահական ենթակառուցվածքների զարգացման և այլ ուղղություններով ընթացիկ ծրագրերն ու նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, նրա անդամ են 68 երկրներ, որոնցից 49-ը գտնվում են տարածաշրջանում: 2005 թվականից ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանին տարբեր ծրագրերի միջոցով, հիմնականում, տրանսպորտի, պետական ֆինանսների, դպրոցների անվտանգության, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքային զարգացման ոլորտներում: Սուվերեն վարկերի ակտիվ պորտֆելի շուրջ 70% - ը բաժին է ընկնում տրանսպորտին, օգնելով զարգացնել արդյունավետ, անվտանգ և կայուն ճանապարհային ցանց ՝ միաժամանակ բարելավելով Հայաստանի ներքին և անդրսահմանային հաղորդակցությունը: Մինչ օրս ԱԶԲ-ը Հայաստանի պետական հատվածին հատկացրել է 59 վարկ, դրամաշնորհ և տեխնիկական աջակցություն՝ 1,3 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով:
RUB | 4.71 | 0.01 |
USD | 382.01 | 0.29 |
EUR | 442.44 | -0.16 |
GBP | 502.30 | 0.26 |
CAD | 272.18 | 0.13 |
JPY | 24.58 | -0.07 |
CNY | 53.72 | 0.01 |
CHF | 479.19 | -0.54 |

