Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023 13:43
Ալեքսանդր Ավանեսով

Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք

Ֆրանսիայի դեսպանություն. Վեդիի ջրամբարի շահագործումը հնարավորություն  կընձեռի ոռոգել 3000 հա տարածք

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Վեդիի ջրամբարի կառուցման վայր, որտեղ ծանոթացել է կատարված աշխատանքներին: Այդ մասին ասվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրությունում:

 

«Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տրամադրած վարկով ֆինանսավորված ծրագիրը հնարավորություն է ընձեռում ոռոգել 3000 հա տարածք, խնայել ջուր և էլեկտրաէներգիա, ամրապնդել գյուղատնտեսական արտադրությունը Հայաստանի ամենաբերրի հարթավայրում։ Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ԶՖԳ-ի հետ միասին տեղում քննարկել են Վեդիի ջրամբարի շինարարության ընթացքը», - ասվում է հաղորդագրությունում։

 

Նշենք, որ ջրամբարը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: 2016 թվականի հունվարի 26 - ին Վեդիի ջրամբարի կառուցման ֆինանսավորման նպատակով Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի Հանրապետությանը հատկացրել է 75 մլն եվրո վարկ (ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 15 մլն եվրո), որի շրջանակներում նախատեսվում է կառուցել 29,4 մլն խմ ծավալով և 120 հա ջրային մակերեսով ջրամբար: Ջրի աղբյուր կդառնան Արարատի մարզի Վեդի և Խոսրով գետերը: Ծրագրի ամբողջական իրականացումը հնարավորություն կտա մեղմել Արարատյան դաշտի ջրի դեֆիցիտը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցնել ինքնահոս ոռոգման համակարգի, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայողության: Ծրագրի իրականացման արդյունքում Սևանա լճից ջրառը կկրճատվի 19 մլն խմ - ով, իսկ ոռոգելի հողատարածքների մակերեսը կավելանա մոտ 300 հա-ով: Ջրամբարը շահագործման հանձնելուց հետո կանջատվեն 11 պոմպակայաններ, ևս 3-ը ՝ մասնակի, տարեկան կտրվածքով տնտեսումը կկազմի մոտ 1 մլրդ դրամ կամ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ներցանցային տնտեսությունների կորուստները կկրճատվեն 20-25 տոկոսով։ Ծրագիրն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել չորս տարվա ընթացքում:

 

Ջրամբարի կառուցումը Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր Արաքսի վրա խոշոր ջրամբարներ կառուցելու իր ծրագրերի մասին, ինչը հայկական կողմի համար ռիսկեր է պարունակում՝ ոռոգման ջրի դեֆիցիտի տեսքով: Հայաստանը չի կարող լիովին չեզոքացնել նման ռիսկերը, սակայն Վեդիի ջրամբարը թույլ կտա մեղմել թուրքական ջրային էքսպանսիայի հետեւանքները