Ուրբաթ, 1 Դեկտեմբերի 2023 16:02
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում

Փորձագետ. Երիտասարդ գիտնականները Հայաստանում իրենց ներուժն իրացնելու հնարավորություններ չեն տեսնում

Արմինֆո.Հայաստանն ունի մարդկային բարձր ներուժ գիտական մտքի համատեքստում, սակայն վերջին տարիներին ոլորտին այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձել, ինչն, անշուշտ, ազդում է գիտնականների վիճակի վատթարացման վրա՝ թե նյութական, թե մտավոր առումով։ Դեկտեմբերի 1-ին «Գիտության եւ գործարարության օրեր» համաժողովի շրջանակում «Գիտության ուժեղացում. Կամուրջ գիտության և գործարարության միջև" թեմայով պանելային քննարկման ժամանակ նման կարծիք է հայտնել Siemens ընկերության հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը:

 

Այդ առնչությամբ նա նաև նշել է, որ ընդհանուր իրավիճակի պատճառով երիտասարդների հետաքրքրությունը գիտության նկատմամբ շատ ցածր է, ինչը շատ վատ է: Դումանյանը նկատել է, որ երիտասարդ գիտնականների մեծ մասը, որոնք ներգրավված են եղել ընկերության հետազոտական աշխատանքներում, մեր երկրում ներուժ չեն տեսել իրենց գիտելիքներն ու հետազոտություններն իրականացնելու համար: Վերջիններս, նրա խոսքով, մեկնում էին արտերկիր։ Փորձագետը նշել է, որ եղել է հենց գիտական կոնտինգենտի արտահոսքի շրջան, և այսօր պետությունը պետք է հնարավոր ամեն ինչ անի նրանց Հայաստան վերադարձնելու համար:

 

Որպես մեր երկրում գիտության և գործարարության միջև կապի ամրապնդմանը խոչընդոտող գործոններ նա նշեց նաև այն, որ բացակայում է տեղեկատվական բազան, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները կարող էին տեսնել Հայաստանի գիտական ներուժը ըստ մասնագիտացման, գործունեության տեսակի: "Գործարարների համար դժվար է հասկանալ, թե որտեղ ինչ ներուժ կա, հասկանալ, թե ուր գնալ , ում դիմել, որպեսզի իրենց ծրագրերն իրականացնեն։ Մենք արդեն 10 տարի համագործակցում ենք Ամերիկյան համալսարանի, Սլավոնական համալսարանի, Գիտությունների ակադեմիայի հետ, վերսկսում ենք համագործակցությունը ԵՊՀ-ի հետ: Ինժեներների, պրոֆեսորների և, որ պակաս կարևոր չէ, ուսանողների ներգրավմամբ մենք լուծում ենք մեր առջև դրված խնդիրները՝ վճարելով ներգրավված մասնագետների աշխատանքի դիմաց, ինչը մոտիվացիա է նրանց հետ հետագա համագործակցության համար", - ասել է ընկերության ղեկավարը։

 

Նա փաստել է, որ միասնական բազայի անհրաժեշտություն կա, որը չի սահմանափակվի մեկ, երկու ինստիտուտներով, որպեսզի յուրաքանչյուր ընկերություն, որը նախատեսում է հետազոտական աշխատանքներ իրականացնել, կարողանա նման բազայի հասանելիություն ունենալ ՝ համապատասխան մասնագետ գտնելու համար: "Նման տեղեկատվությունը պետք է համակարգված լինի", - ասել է Դումանյանը:

 

Միաժամանակ, փորձագետը դժգոհել է կադրերի պակասից, ինչը հատկապես զգացվում է բուհերի հետ աշխատանքի շրջանակներում, որոնց ընկերությունն անհրաժեշտ գործիքներ է տրամադրում իր հետազոտությունների արդյունավետ արդյունքներ ստանալու համար: "Լաբորատորիաներ են բացվում, գրասենյակներ են վերանորոգվում, բայց հետո հույսը նորից դրվում է գործարարության վրա , որ մենք այսուհետ ևս պետք է նպաստենք գործունեության շարունակմանը, բայց մենք նման ռեսուրս չունենք ։ Իսկ նման աշխատանքը պետք է լինի շարունակական։ Այսինքն, բուհերում կադրերի պակաս կա", - նշել է նա։ Նշենք, որ «Գիտության և գործարարության օրերը» Հայաստանում անցկացվում են դեկտեմբերի 1-2-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ: Միջոցառման հատուկ հյուրն է լիբանանյան ծագում ունեցող ամերիկացի էսսեիստ, տնտեսագետ, ֆուտուրոլոգ և ռիսկի մենեջեր, փիլիսոփայության դոկտոր, "Սև կարապ" և "Հակափխրունություն" փիլիսոփայական-տնտեսական բեսթսելերների հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը:

 

Համաժողովն այս տարի մեկ հարթակում է հավաքել ինովացիոն բիզնեսի ներկայացուցիչների, գիտնականների, պետական հատվածի ներկայացուցիչների, ովքեր միջոցառման շրջանակներում նպատակ ունեն վեր հանել գիտության առևտրայնացման, գիտության և գործարարության միջև կապի և փոխգործակցության ամրապնդման, միջազգային համագործակցության խթանման հնարավորությունները ՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի:

 

Հիշեցնենք, որ "Գիտության և գործարարության օրեր" միջոցառումն առաջին անգամ տեղի է ունեցել 2022 թվականին ։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 1000 մասնակիցներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկահայ մոլեկուլային կենսաբան և նյարդակենսաբան Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը և այլոք:

 

Նշենք, որ 2024 թվականին, ըստ բյուջեի նախագծի, պետությունը գիտության զարգացմանը կհատկացնի շուրջ 32.5 մլրդ դրամ, ինչը 8 տոկոսով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ։