
Արմինֆո. Ֆինանսների նախարարությունը մտադիր է պետական և ազգային պահուստներում պահվող թանկարժեք մետաղների և քարերի կառավարման, հաշվառման, պահպանման, օտարման, վաճառքի, գնման լիազորությունները վերապահել այլ պետական գերատեսչություններին: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հաղորդել է ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանը։
Մասնավորապես, թանկարժեք մետաղների և քարերի առավել արդյունավետ կառավարման նպատակով Ֆինանսների նախարարությունը պետական պահուստին առնչվող գործընթացները կփոխանցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, իսկ ավելի կոնկրետ՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ։ Իսկ ազգային պահուստում պահվող թանկարժեք մետաղների և քարերի հետ կապված գործընթացները, որոնք, որպես կանոն, ցուցադրվում են տարբեր թանգարաններում, Ֆինանսների նախարարությունը նպատակահարմար է գտնում պատվիրակել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Այս բոլոր գործընթացները, փոխնախարարի խոսքով, կհանգեցնեն մի շարք օրենսդրական փոփոխությունների։ Մասնավորապես, փոփոխություններ կկատարվեն Թանկարժեք մետաղների մասին ՀՀ օրենքում, Կառավարության կառուցվածքի և պետական գույքի կառավարման մասին օրենքում:
Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել առաջարկվող օրինագծին: