Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2023 18:39
Կարինա Մելիքյան

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին

2023թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում  սննդամթերքի 5,2% էժանացման հաշվին

Արմինֆո.2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է 1,5% գնանկում՝ պայմանավորված սննդամթերքի 5,2% էժանացմամբ, ոչ պարենային ապրանքների 0,2% թանկացմամբ և ծառայությունների սակագների 2,5% թանկացմամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ դիտվել էր 7,2% գնաճ ՝ թե սննդամթերքի, թե ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների, համապատասխանաբար, 7,5%, 7,1% և 6,7% թանկացման արդյունքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, 2023 թվականի հունվար-նոյեմբերին սպառողական շուկայում արձանագրվել է 0,1% միջին ամսական գնանկում՝ նախորդ տարվա 0,6% աճի դիմաց։

Տարեկան կտրվածքով(2023թ. հունվար-նոյեմբերին՝ 2022թ. հունվար-նոյեմբերի համեմատ) սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ (մեկ տարի առաջվա 8.7% գնաճի դիմաց), ինչին մեծապես նպաստել են ծառայությունների սակագների 4.6% բարձրացումը, և շատ ավելի թույլ ազդեցություն է ունեցել ոչ պարենային և պարենային ապրանքների, համապատասխանաբար, 1.8% և 0.8% թանկացումը: Որպես համեմատություն նշենք, որ մեկ տարի առաջ, 2022թ. հունվար – նոյեմբերին՝ 2021թ. հունվար-նոյեմբերի համեմատ, արձանագրվել է ավելի բարձր գնաճ՝ 8.7%, որը, հիմնականում, բխել է 12.7%-ով թանկացած սննդամթերքից, ոչ պարենային ապրանքների 7%-ով թանկացումից և ծառայությունների սակագների  5% - ով բարձրացումից։