Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի 2023 18:40
Ալինա Հովհաննիսյան

Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին

Արտադրանքի առգրավում, ոչնչացում, տուգանքների ավելացում. ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանում մսի անբարեխիղճ իրացնողներին

Արմինֆո. Դեկտեմբերի 6-ից պետությունը կխստացնի վերահսկողությունը շուկաներում մսի իրացման նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Աշխեն Շիրվանյանը։

 

Նա պարզաբանել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել այն պատճառով, որ տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող նախորդ պահանջը՝ բացառապես սպանդանոցային մորթի արդյունքում ստացված մսի իրացման վերաբերյալ, որը հղի էր տուգանային պատժամիջոցներով, չի հանգեցրել ակնկալվող արդյունքի: Ընդհակառակը, խախտման դեպքերն աճել են։ Եթե 2022 թվականին տեսչական մարմնի կողմից իրականացվել է 270 ստուգում, եւ հայտնաբերվել է 93 խախտում, ապա միայն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում 261 տեսչական մոնիտորինգի արդյունքում արդեն իսկ արձանագրվել է 106 խախտում։ "Այսինքն,  տարվա արդյունքներով դրանք շատ ավելի շատ կլինեն", - ասել է փոխնախարարը։ Տուգանքների չափը կազմել է 30-300 հազար դրամ՝ կախված խախտման տեսակից։ Նշվել է, որ որոշ տնտեսվարող սուբյեկկտներ բազմիցս տուգանվել են, սակայն դա որևէ կերպ չի ազդել նրանց հետագա վարքագծի վրա։

 

Հետևաբար, առաջացել է կոշտ միջոցների անհրաժեշտություն։ Ինչպես նշել է Շիրվանյանը, վաղվանից շուկայում, հանրային սննդի հաստատություններում ոչ սպանդանոցներից մսի հայտնաբերման դեպքում արտադրանքը կառգրավվի եւ կոչնչացվի (կվառվի): Բացի այդ, նախատեսվում է օրենսդրական փոփոխություններ կատարել՝ տուգանքի չափը մեծացնելու համար։

 

Իսկ "թիվ 5 ձևաթուղթ" ստանալու համար, որը հաստատում է մսի ծագումը (սպանդանոցում սպանդի արդյունքում), արտադրողները պետք է ներկայացնեն այդ փաստը հաստատող փոքր տեսանյութ:

 

Ընդ որում, նա դժգոհել է հանրապետությունում սպանդանոցների անբավարար քանակից։ Փոխնախարարի խոսքով՝ երկրում գրանցված է 98 սպանդանոց, որոնցից միայն կեսն է գործում։ Արտադրողների մի մասը գնում է խախտումների բացառապես դրանց ցածր մատչելիության պատճառով:

 

Այդ առնչությամբ Շիրվանյանը հաղորդել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է իրավական ակտ, որը թույլ կտա համայնքների մոտակայքում ստեղծել անասունների սպանդի համար նախատեսված բազմաթիվ հարթակներ, տեղամասեր, ինչը թույլ կտա վերջնականապես լուծել այդ խնդիրը: