
Արմինֆո.2024 թվականին նախատեսվում է զգալիորեն ավելացնել Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի ծավալները։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ դեկտեմբերի 6-ին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նա նշել է, որ պահուստային ֆոնդի չափը կկազմի 186 մլրդ դրամ։ Նախարարը հերքել է ընդդիմադիր խորհրդարանականների շրջանում տարածված այն կարծիքը, որ դրանով իսկ կառավարությունը, գործնականում, սառեցնում է զգալի ֆինանսական ռեսուրսներ։ Նախնական տարբերակում պահուստային ֆոնդի չափը կազմել է 94 մլրդ դրամ, սակայն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները, այդ գումարն ավելացվել է։ Ընդհանուր առմամբ, այդ խնդրի լուծմանը կուղղվի 47 մլրդ դրամ։ Իսկ այն նոր ծրագրերը, որոնք կմշակվեն պետբյուջեի նախագծի իրականացման ընթացքում, կֆինանսավորվեն պահուստային ֆոնդի հաշվին։
Նախարարն անդրադարձել է նաև պետական պարտքի թեմային, որը սկզբնական տարբերակի համեմատ փոքր-ինչ կավելանա: Չնայած երկրի պետբյուջեի պակասուրդի ՀՆԱ-ում 1,4 տոկոս աճին, որը 3,2 տոկոսից հասել է 4,6 տոկոսի, այնուամենայնիվ, դա չի նշանակում պետական պարտքի աճ:
Նախնական տարբերակի համեմատ 0,3% - ով կնվազեն պաշտպանական ոլորտի ծախսերը, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով, այդ թվում՝ նաև այն հանգամանքով, որ պաշտպանական ոլորտի եկամուտներն ավելի արագ են աճում, քան՝ ծախսերը: