Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2023 15:02
Նաիրա Բադալյան

«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» 5-ամյա ծրագիրը նպատակաուղղված է 60 մլն դոլար ներդրումների ներգրավմանը

«Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» 5-ամյա ծրագիրը նպատակաուղղված է 60 մլն դոլար ներդրումների ներգրավմանը

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մեծածավալ ներդրումներ է կատարում Հայաստանի տնտեսության մեջ։

 

ԱՄՆ ՄԶԳ հաղորդագրության համաձայն, վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը պաշտոնապես մեկնարկել է «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագիրը, որի բյուջեն կազմում է մոտ 25 միլիոն դոլար։

 

Ծրագրի առաջնային նպատակը Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդումն է, ինչպես նաև մրցունակության ու տնտեսական կառավարման խթանումը՝ կառավարության և մասնավոր հատվածի հետ սերտ գործակցության միջոցով:

 

«ԱՄՆ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, հանձնառու է աջակցել Հայաստանի տնտեսական աճին: Դա ներառում է մասնավոր հատվածի հետ գործընկերություն՝ ներգրավելու ներդրումներ, տեխնոլոգիաներ և գիտելիք, ինչպես նաև՝ բիզնես միջավայրի բարելավում, ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծում և տնտեսական զարգացման քաղաքականության մշակում»,- միջոցառմանն իր ելույթում նշել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

 

Հնգամյա այս ծրագիրը նպատակ ունի 60 միլիոն դոլար գումարի չափով ներդրումներ մոբիլիզացնել՝ «Ներդրումների մոբիլիզացման հարթակի» միջոցով, ինչպես նաև օգնել 750 ընկերությունների՝ մեծացնել վաճառքների ծավալները։ Բացի այդ, ծրագիրը կնպաստի գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը` աջակցելով առանցքային իրավական փաստաթղթերի մշակմանը: