Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023 15:32
Ալինա Հովհաննիսյան

Լիցենզավորում, դասակարգում, վարկանիշներ. ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենքի փոփոխությունները

Լիցենզավորում, դասակարգում, վարկանիշներ. ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենքի փոփոխությունները

Արմինֆո. Այսօրվանից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտը կարգավորող փոփոխությունները։ Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հաղորդել է, որ բոլոր նոր շինարարական ընկերությունները լիցենզիայի համար պետք է դիմեն արդեն նոր կարգի համաձայն, որտեղ սահմանված են նոր չափանիշներ, պահանջներ, իսկ գործողները դրա համար ժամկետ ունեն մինչև 2024 թվականի սեպտեմբերի 16-ը։

Լիցենզիան հնարավոր կլինի ստանալ միասնական հարթակում՝ https://urban.e-gov.am/am/, որը կապված է տվյալների բազայի և այլ պետական մարմինների հետ, ինչը պարզեցնում է լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման հետ կապված գործընթացները:

Բացի այդ, այսուհետեւ լիցենզավորումը կունենա երեք դաս ՝ կախված ընկերության փորձից, աշխատանքների բարդության մակարդակից, մարդկային և տեխնիկական ռեսուրսների առկայությունից և այլն: Օրինակ, ինչպես նշել է Գրիգորյանը, նոր շինարարական ընկերությունները չեն կարողանա ստանալ երրորդ կարգի լիցենզիա, ինչը նախատեսում է հասարակական նշանակության շենքերի կառուցում, այդ թվում ՝ դպրոցների, բազմաբնակարան շենքերի, հիվանդանոցների և այլն: 1-ին աստիճանի դասն ընկերություններին թույլ կտա զբաղվել վերանորոգման, վերականգնողական աշխատանքներով, կառուցել մասնավոր առանձնատներ: Լիցենզիաները կտրամադրվեն արդեն ոչ թե անժամկետ, ինչպես՝ մինչեւ այսօր, այլ՝ 5 տարի ժամկետով:

Փոփոխությունները, ըստ Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալի, նախատեսում են նաև քաղաքաշինության ոլորտի ընկերությունների և մասնագետների ռեեստրի ներդրում, հաշվառման համակարգ, որը թույլ կտա, ի վերջո, ունենալ շինարարության սուբյեկտների վարկանիշ: "Սա մենք նախատեսում ենք ներդնել հաջորդ տարի", - հաղորդել է նա:

Բացի այդ, նորամուծությունները կառնչվեն նաև պատասխանատվությանը։ Խախտումների դեպքում այսուհետեւ պատասխանատվություն է կրելու ոչ միայն ընկերության ղեկավարը, այլև՝ աշխատանքներում ներգրավված մասնագետները:

Գրիգորյանը նաեւ նշել է, որ այսօրվա դրությամբ երկրում գործում են մոտ 4 հազար լիցենզավորված շինարարական ընկերություն: