Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023 12:15
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է 2024 թվականի ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է 2024 թվականի ծրագրերը

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, նախարարը մասնակիցներին ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, մակրոտնտեսական ցուցանիշները, տնտեսության զարգացման հիմնական միտումներն ու 2024 թ. տնտեսական աճի մարտահրավերները, ընթացիկ ու մշակման փուլում գտնվող խոշոր նախագծերը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև ներդրումային և արտահանման քաղաքականությանը, տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, օրենքների կիրարկման խնդիրներին, արհեստական բանականության ընձեռած հնարավորություններին ու մարտահրավերներին։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ։

ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 175 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: ԱԱՊՀ-ի նպատակն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը։