
Արմինֆո. Հայաստանում սոցիալական ցանցերում գովազդի դիմաց ստացվող ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Այդ մասին հունվարի 4-ին լրագրողներին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով ՝ ՊԵԿ-ը հետևում է էլեկտրոնային հարթակներում գովազդին առնչվող իրավիճակին, և հարկերը չվճարելու դեպքում այդ անձանց նկատմամբ կարող են կիրառվել վարչական միջոցներ: Բադասյանը նշել է, որ արդեն քիչ չեն եղել դեպքերը, երբ մարդիկ սոցիալական ցանցերի էջերի միջոցով գովազդ են տեղադրել և ապրանքներ վաճառել, բայց հարկեր չեն վճարել: Նա ընդգծել է, որ ստուգումներ իրականացվում են, և եթե այդ անձինք գրանցված չեն որպես գործարար կամ նրանց եկամուտները հայտարարագրված չեն, ապա նրանց նկատմամբ անպայման վարչական միջոցներ կկիրառվեն: