Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) ղեկավար կազմը փոխվել է: Այդ մասին ասվում է ԱՆԻՖ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում:
«Ինչպես հայտնի է, ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Ֆրանսիայի նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Դոմինիկ Դը Վիլպենը, որը ԱՆԻՖ- ի ստեղծման օրվանից ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամ էր, իսկ 2023 թվականից՝ խորհրդի նախագահ։ Էկոնոմիկայի նախարարի որոշմամբ` նրան տնօրենների խորհրդի պաշտոնում փոխարինել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Անի Իսպիրյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2021 թ․ սեպտեմբերից։ Դրանից առաջ 2020-2021 թթ․ եղել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության փորձագետ՝ «իԳործ» ծրագրի շրջանակներում։
ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։
Խորհրդի երեք նոր անդամների քվեարկությամբ վաղաժամ դադարեցվել են ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։ Էկոնոմիկայի նախարարության այս առաջարկից հետո խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ Դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել նաև խորհրդի անդամի պաշտոնից։ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդից հեռանալու որոշում է կայացրել նաև տնօրենների խորհդրի մեկ այլ երկարամյա անդամ Իսիդորո Լուչիոլան, որը մի շարք միջազգային ներդրումային բանկերի և անկախ կորպորատիվ ֆինանսական կառույցի հիմնադիր նախագահն է, Իտալիայում գործող բանկերի (վարկային գործակալությունների), ինչպես նաև Իտալիայի ֆինանսական շուկայի առաջատար խորհրդատվական և գործակալական ծառայությունների գծով խորհրդատու է: Պարոն Լուչիոլան նույնպես ստեղծման օրվանից եղել է ԱՆԻՖ- ի տնօրենների խորհրդի անդամ, աջակցել է Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրերի իրականացմանը։ Հեռացել են նաև ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուի և Ներդրումային կոմիտեի անդամ Մայքլ Թոմփսոնը», - ասվում է հաղորդագրությունում։
2019 թվից ի վեր ԱՆԻՖ-ը տնօրենների խորհրդի և ղեկավար կառույցի հիմա արդեն նախկին կազմով իրականացրել է մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում` այս պահին Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ներդրումային ծրագիրը՝ ԱՄԷ Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» -ը (200 մլն դոլար), և էյր Արաբիայի հետ համատեղ՝ Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը (10 մլն դոլար)։ Ներքին շուկայում տեղական ներդրողներից ներգրավվել է 7.8 մլրդ դրամ։