Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 13:51
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի առևտրաշրջանառության հասույթը 11 ամսում գերազանցել է 12 մլրդ դոլարը

Հայաստանի առևտրաշրջանառության հասույթը 11 ամսում գերազանցել է 12 մլրդ դոլարը

Արմինֆո.Հայաստանի առևտրի հատվածի հասույթի տարեկան աճն արագացել է 16,2%-ից մինչեւ 24,3%՝ 2023թ. 11 ամիսների ընթացքում ապահովելով 4.8 տրլն դրամ ծավալ  (12.2 մլրդ դոլար)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն 2023թ. նոյեմբերին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 7,6% - ով՝ հասնելով 548.3 մլրդ դրամի (ավելի քան 1.3 մլրդ դոլար)։ Տարեկան աճի արագացումն առավելապես ապահովվել է մեծածախ առևտրի բարձր վերընթաց տեմպերով։

 

Այսպես, մեծածախ առևտրի տարեկան աճը հունվար-նոյեմբերին արագացել է  25,1%-ից մինչեւ 32,4%՝ կազմելով 2,9 տրլն դրամ: Ամսական կտրվածքով մեծածախ առևտրի շրջանառությունն աճել է 6,6% - ով ՝ մինչեւ 345.3 մլրդ դրամ։

 

Մանրածախ առևտրի շրջանառությունը հունվար-նոյեմբերին գերազանցել է 1.5 տրլն դրամը, որը 9,5%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը (2,4% աճի դիմաց)։ Մեկ ամսում մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4,6% - ով՝ հասնելով 172.3 մլրդ դրամի։