Արմինֆո.Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն Duty free-ի գործունեության մեջ որոշակի ռիսկեր է նկատել։ Այդ մասին հունվարի 15-ին խորհրդարանում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով բոլոր առեւտրային օբյեկտների, այդ թվում ՝ Duty free-ի համար մրցույթներ անցկացնելու պարտադիր լինելու մասին օրինագիծը ։
ԱԺ հաղորդագրության համաձայն, նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար առավել արդյունավետ համակարգի ներդրում: Նպատակը մաքսային հսկողության արդյունավետության եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովումն է: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը` ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք պետական կամ համայնքային սեփականություն են (օրինակ` մաքսային կետերում առեւտրային գործունեության իրականացումը, բանկի մասնաճյուղի տեղակայումը) գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանի ՀՀ կառավարությունը: Մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Միաժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ` ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ, օրինակ` անկանխիկի վճարման հնարավորություն, իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:
Զեկուցողին հարցեր են ուղղել պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու որոշ ընկերությունների հետ, օրինակ` «Duty Free» (անմաքս առեւտրի խանութներ) ցանցում գործող խանութների: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ուսումնասիրել են «Duty Free»-ների միջազգային փորձը եւ պարզել, որ Հայաստանում այդ առումով բազմաթիվ ռիսկեր կան: Օրինակ` գնումների ծավալի վերաբերյալ էլեկտրոնային համակարգով փոխանակում չի կատարվում մաքսային մարմնի հետ: Օրինակ` մեկ անձնագրով հնարավոր է այնպիսի քանակի գնումներ կատարել, ինչն ակնհայտ առեւտրային նպատակ է հետապնդում: Այնուհետեւ, այդ ապրանքները հայտնվում են List.am-ում կամ այլ կայքերում, եւ դա որոշակի խնդիրներ է առաջացնում: ՊԵԿ նախագահը հավելել է, որ անմաքս առեւտրի խանութների հետ կապված նախաորակավորման ընթացակարգ է սահմանվելու, որի մանրամասները որոշելու է Կառավարությունը: Կորոշվի, օրինակ, թե ինչպես պետք է ցուցադրված լինի հայրենական արտադրությունը եւ այլն: «Եթե այդ տարածքը պատկանում է պետությանը կամ համայնքին, պետք է անցկացվի մրցույթ: Պետք է նախ նախաորակավորվեն, մեր բոլոր պայմաններին համապատասխանեն, որից հետո բոլոր տնտեսվարողները, որոնք հավակնում են «Duty Free»-ի գործունեություն իրականացնել, կարող են դիմել եւ մրցութային կարգով հաղթող ճանաչվել, որ հայեցողական լիազորություններ այս ոլորտում չլինեն, եւ հարց չառաջանա քաղաքացիների մոտ, թե որ սուբյեկտը որ մաքսային հսկողության գոտում ինչ գործունեություն է անում, եւ ինչպես են որոշել, որ հենց այդ սուբյեկտն է իրականացնում»,- պարզաբանել է Ռուստամ Բադասյանը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում: