Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, վարկային համաձայնագիրը՝ 66,100,000 եվրո արժողությամբ է: 2016 թ. մեկնարկած ծրագիրը նախատեսված է մինչև 2026 թ․ մայիսի 30-ը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88.5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը՝ 18.5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 20 000 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախատեսված է նաև ՀՀ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում, սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, սեյսմիկ վտանգների քարտեզի մշակում, սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացում և 15 մասնագետների վերապատրաստում, շինարարության բնագավառում աշխատող 100 մասնագետի վերապատրաստում՝ սեյսմակայուն շինարարության բնագավառի վերաբերյալ և այլ գործառույթներ: Ծրագրի շրջանակներում մինչ այժմ ավարտվել են 16 դպրոցի կառուցման աշխատանքները։ Ներկայում ընթանում են 20 դպրոցի շինարարական աշխատանքներ։ 10 դպրոց գտնվում է նախագծային (ավարտական) աշխատանքների իրականացման տարբեր փուլերում։ Համաձայն վարկային պայմանագրի՝ ծրագրի շրջանակում ընդգրկված բոլոր դպրոցները պետք է անցնեն միջազգային փորձաքննություն և ստանան վկայական 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով։ Այս համատեքստում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր փորձաքննություններից բացի միջազգային փորձաքննության է ենթարկվում յուրաքանչյուր դպրոցի նախագիծը։ Դպրոցի կառուցումը նույնպես իրականացվում է միջազգային փորձագետների հսկողության ներքո։ Կառուցման աշխատանքների իրականացման ավարտից հետո դպրոցները անցնում են միջազգային փորձաքննություն և ստանում 9 բալ երկրաշարժի դիմացկունության առումով համապատասխան վկայական։ Մինչ այժմ շահագործման հանձնած դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10,700 աշակերտի համար։ Իրականացված վերլուծությունների արդյունքում ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,100,000 եվրոյի չափով։