Արմինֆո. Առաջին փուլում "Չոր նավահանգիստ" նախագծի իրականացման համար կպահանջվի 45 մլն դոլարի ներդրում, որից 7.9 մլն դոլարը' կառավարության կողմից, 37.1 մլն դոլարը' օպերատոր ընկերության կողմից: Այդ մասին Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Գյումրիի "Չոր նավահանգիստ" նախագծի հայեցակարգի հեղինակ Շառլ Մալասը։
Նա հաղորդել է, որ նախագծով հետաքրքրված են մի շարք միջազգային հեղինակավոր ընկերություններ, ինչպես նաև մի շարք բանկեր, այդ թվում՝ Համաշխարհային բանկը: Փորձագետի ասելով՝ "Չոր նավահանգստի" օպերատոր պետք է դառնա փորձառու միջազգային ընկերություն, որի գործընկերը կլինի Հայաստանի կառավարությունը: <Իսկ դա նախատեսում է, որ պետությունը եկամուտ կստանա նախագծից ։ Սակայն դա չէ նախագծի առավելությունը: Կարևոր է, որ Հայաստանը դառնա տարանցիկ, տրանսպորտային, արտահանման, արտադրական հանգույց", - նշել է Մալասը։
"Չոր նավահանգիստ" նախագծում ՕՈՒՆ-ի ծավալն առաջիկա 5 տարօներին կկազմի շուրջ 300-400 մլն դոլար, իսկ նախագծի իրականացման տարբեր փուլերում' շինարարության ընթացքում եւ արդեն անմիջապես գործարկման ժամանակ, կստեղծվի մի քանի հազար աշխատատեղ: Նախնական հաշվարկներով նախագիծը կապահովի ՀՆԱ-ի 1% աճ։
Ինչպես նշվել է նախագծի շրջանակներում, երթուղին սկիզբ կառնի Հնդկաստանի երկաթուղուց, այնուհետև կանցնի իրանական Չաբահար նավահանգստի ուղղությամբ և, անցնելով Իրանի ողջ տարածքով, կհասնի Հայաստանի "Չոր նավահանգիստ", որից հետո՝ դեպի վրացական Փոթի նավահանգիստ: Նախագիծն առավել արդյունավետ կդառնա "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքի տրանշ 4-ի ճանապարհահատվածի շահագործումից հետո, որի շնորհիվ Սյունիքում բեռնատարների համար նախատեսված ճանապարհահատվածը կկրճատվի 40% - ով: <Մենք ակնկալում ենք, որ նախագծի գործարկումից հետո բեռնափոխադրումների ծավալը կավելանա: Մասնավորապես, 2046 թվականին "Չոր նավահանգստով", ըստ մեր գնահատականների, կանցնի 38 հազար կոնտեյներ, իսկ միայն ավտոճանապարհով կանցնի մոտ 1 մլն տոննա բեռ", - ասել է Մալասը։
Նախնական գնահատականներով ՝ "Չոր նավահանգիստ" նախագիծը կարող է գործարկվել 5-7 տարվա կտրվածքով։
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին Հայաստանի ներդրումային կոմիտեն հավանություն էր տվել Գյումրիում "Չոր նավահանգիստ" արդյունաբերական պարկի կառուցման ներդրումային ծրագրին: Այն նախատեսվում է կառուցել Շիրակ օդանավակայանի հարակից տարածքում, որը սահմանակից կլինի ինչպես օդանավակայանին, այնպես էլ երկաթուղուն և "Հյուսիս-Հարավ" ավտոմայրուղուն: "Չոր նավահանգիստը" նախատեսված է որպես բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց այն տեղական և միջազգային ընկերություններին սպասարկելու համար, որոնց անհրաժեշտ է գործառնական ընթացակարգ մաքսային գործընթացների համախմբման համար, ինչը կարող է օգնել վերջիններիս նվազեցնել գործառնական ծախսերը: Նախագիծն առաջին անգամ ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կողմից՝ 2021 թվականի գարնանը։