
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2015 թ. հունիսի 29-ին ստորագրված «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (ԵՆԱԲ) հիմնվել է 2015 թվականին Չինաստանում։ ԵՆԱԲ բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն և բարելավել ենթակառուցվածքները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում և այլ արդյունավետ ոլորտներում, խթանել տարածաշրջանային զարգացումը Ասիայի և Օվկիանիայի տարածաշրջանում՝ այլ միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, իսկ հիմնադիր 57 անդամ երկրների թվում են՝ Իրանը (2,541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26,099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2,541 բաժնեմաս)։ Բանկին անդամակցելը կարևորվում է հայ-չինական քաղաքական երկխոսությանը նոր խթան հաղորդելու տեսանկյունից։ Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ՝ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով` Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: ԵՆԱԲ անդամակցումը Հայաստանի համար հնարավորություն է ընձեռում մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին՝ միաժամանակ համագործակցելով զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ և ներգրավելով պետական և մասնավոր կապիտալի ներդրում: Անդամակցումը նպատակահարմար է նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից։