Հինգշաբթի, 25 Հունվարի 2024 13:44
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են շարունակել հետագա գործակցության խորացումը արևային էներգիայի արտադրության ոլորտում

Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են շարունակել հետագա գործակցության խորացումը արևային էներգիայի արտադրության ոլորտում

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Նարիման Ալ-Մուլլայի և Մասդար ընկերության՝ Հայաստանում իրականացվող նախագծերի համակարգող Մուհամմեդ Ալ Շեհիի հետ պայմանավորվել է խորացնել հետագա գործակցությունը՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը 2023-ին հասել է 2.8 մլրդ դոլարի, ինչը Էմիրությունները դարձնում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը:

 

Մինչև 2023-ի սեպտեմբերի վերջը ԱՄԷ-ից ներդրումների հոսքը կազմել է շուրջ 135 235.1 մլն դրամ, որից ուղղակի համախառն հոսքերը՝105 192.0 մլն դրամ։

 

«Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև գործարար և միջպետական գործակցությունը շարունակում է ընդլայնվել», - ասվում է հաղորդագրությունում։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին, մրցույթի արդյունքներով, ՀՀ կառավարությունը «Մասդար» ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել Թալին քաղաքի շրջանում 200 ՄՎտ հզորությամբ <Այգ-1> ֆոտովոլտային էլեկտրակայան կառուցելու մասին։

 

Ս.թ. հուլիսին «Մասդար»  ընկերությունը հաղթող էր ճանաչվել այդ ֆոտովոլտային արդյունաբերական կայանի կառուցման նախագծերի մրցույթում: Մրցութային առաջարկի համաձայն, ընկերությունն առաջարկել է բավականին ցածր սակագին ապագա արևային արտադրության օբյեկտից՝  0,0290 դոլար 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց՝ առանց ԱԱՀ - ի։ Նշենք, որ "Այգ-1" կայանի կառուցմանն ուղղվել է 200 մլն դոլար, շահագործումը նախատեսված է 2025 թվականին: Բաժնետոմսերի 85% - ի շահառու է դարձել «Մասդար» ընկերությունը , իսկ բաժնետոմսերի 15% - ը պատկանում է Պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ):

 

«Մասդար»-ը ԱՄԷ-ի Mubadala Investment Company-ի դուստր ձեռնարկությունն է, որի ընդհանուր ակտիվները կազմում են 220 միլիարդ դոլար, և աշխարհի առաջատար ընկերություններից մեկն է

էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում: